Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Կողմերը քննարկել են երկկողմանի տարբեր ոլորտների համագործակցության զարգացման հեռանկարներն ու կարևորել փոխադարձ և հաճախակի այցելությունները:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությունը և երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերը՝ այդ համատեքստում քննարկելով բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Հայաստանի Նախագահը կարևորել է հաճախակի փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են քննարկելու համագործակցության ընթացիկ վիճակն ու անդրադառնալու հարաբերությունների խորացման նոր հնարավորություններին:
Փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպման սկզբում երախտագիտություն է հայտնել բարեկամ Հայաստանին՝ Բորժոմիում բռնկված անտառային խոշոր հրդեհի մարման գործում ցուցաբերած զգալի աջակցության համար:
Սերժ Սարգսյանը և Միխեիլ Ջանելիձեն երկկողմ հարաբերություններից բացի քննարկել են միջազգային կառույցների շրջանակներում հայ-վրացական փոխգործակցությանը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
Երկու հարևան երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները զրուցից հետո գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին Հայաստան-Վրաստան, բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է արտաքին գերատեսչությունների ներդրումը Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում:
Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, միջխորհրդարանական հարաբերություններին, առևտրատնտեսական կապերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, համագործակցությանը էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ինչպես նաև կարևորվել է հայ-վրացական իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը Միխեիլ Ջանելիձեին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը։
Տեղեկատվությունը՝ president.am և mfa.am կայքերի