Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան: Այս մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ վրաց լրագրողների հարցերին ի պատասխան:
Փաշինյանի խոսքով, Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունն առանձնահատուկ է, և պետք է պաշտպանված լինի աշխարհաքաղաքական ազդեցությունից:
«Կարծում եմ, իմ այցը Վրաստան, Սամցխե-Ջավախք, շատ ջերմ էր: Այդ այցը ցույց է տալիս մեր հարաբերությունների սերտ լինելը: Ես մշտապես ասում էի, նույնիսկ ընդդիմությունում լինելու ժամանակ, որ մեր հարաբերությունը Վրաստանի հետ պետք է լինի յուրահատուկ, և պետք է աշխատենք այս հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցությունից պաշտպանելու համար: Այսպիսին է իմ կարծիքը մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների մասին:
Դա եղել է իմ առաջին միջազգային այցը: Մեկնեցի Թբիլիսի, այնուհետև՝ Սամցխե-Ջավախք: Կարծում եմ, դա եղել է շատ հաջողակ այց: Հույս եմ հայտնում, այս այցը մեր հարաբերությունները կդնի նոր հարթակի վրա:
Մենք անհամբեր սպասում ենք Վրաստանի նոր վարչապետի այցին: Վստահ եմ, այդ այցը կլինի շատ արդյունավետ և հաջողակ»,- նշել է Հայաստանի վարչապետը:
Նրա խոսքով, երկու երկրները կկարողանան առավել հզորացնել հարաբերությունները:
«Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախքին, ինչպես գիտեք, այնտեղ ապրում են բազմաթիվ հայեր և իմ հիմնական ուղերձն այն էր, որ Վրաստանը և Հայաստանը բարեկամներ են, դրացիներ: Մենք եղբայրական ազգեր ենք և չպետք է լինի մեր հարաբերություններին, բարեկամությանը և գործընկերությանը ստվերի տակ դնող որևէ հանգամանք:
Վրաց ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Հայաստանի գործողություններում Վրաստանի նկատմամբ որևէ դավադրություն կամ բացասական նպատակ չկա: Իսկ հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի գործողություններում Հայաստանի դեմ դավադրություն և բացասական ասպեկտ չկա: Կարծում եմ, մեր կառավարության կոնկրետ խնդիրն է՝ ապահովել այդ բանաձևի իրականացումը և կարծում եմ, այդ բանաձևը կլինի մեր լավագույն հարաբերությունների երաշխիքը: Այսպիսով, մենք կկարողանանք մեր հարաբերություններն առավել հզորացնել»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: