Այսօր առավոտից «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոմեքենաներով արգելափակում են Երևանի մի շարք փողոցներ: Ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման:
Ոստիկանությունն սկսել է ավտոմեքենաները խաչմերուկից հեռացնելու օպերացիան: Էվակուատորներով ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ է տեղափոխվել երեք ավտոմեքենա:
Ոստիկանները պահանջում են Փաշինյանից իր համախոհներին հրահանգել բացել փողոցները: Սակայն Փաշինյանը հնչեցրել է հակառակ կոչերը՝ մեքենաներով արգելափակել ճանապարհը:
Այսօր առավոտից պաշտոնական տվյալներով բերման է ենթարկվել 37 ցուցարար ոստիկանական ստորաբաժանումներ։ Սակայն այս թիվը աճում է ամեն ժամ: Բերման ենթարկվածների թվում է ակտիվիստ Դավիթ Սանասարյանը։ Վերջինս ուղիղ եթեր էր մտել ոստիկանական մեքենայից, սակայն ոստիկանները հրաման են ստացել վերցնել իրենից հեռախոսը, ինչից հետո եթերը կտրվել է։
Նշենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկվա հանրահավաքում հայտարարել է, որ ցանցային պայքարը շարունակվում է, առաջարկելով վերադառնալ կամուրջներ, փողոցներ շրջափակելու մարտավարությանը:
Ապրիլի 20-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայաստան մեկնելուց առաջ Բեյրութի պատասխանելով Cilicia TV-ի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին՝ ներկայացրել է իր մտահոգություններն ու տեսակետները:
«Սակայն ինչ էլ լինեն ընդվզումի ու բողոքի դրդապատճառները, ներելի չէ, որ հայի արյուն հոսի հայրենի սրբազան հողի վրա: Ներելի չէ, որ մեր ոստիկանների ու երիտասարդների միջև բախումներ տեղի ունենան: Բոլորն էլ մեր սիրելի զավակներն են: Անհրաժեշտ է, որ խնդիրներն ու մտահոգությունները քննվեն ու լուծման ուղիներ որոնվեն միասնաբար՝ նախագահի հովանավորությամբ ու մեր ժողովուրդը ներկայացնող բոլոր ուժերի միասնական ճիգով, փոխադարձ սիրո ու հասկացողության ոգով: Սա է հարցերի լուծման առաջնորդող ճիշտ ուղին: Սա է մեր սպասումը հայրենի իշխանությունից, ինչպես նաև մեր հայրենի ժողովրդի սիրելի զավակներից»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում մեկնարկել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաները։ Թեև վարչապետի ընտրությունն ապրիլի 17-ին ԱԺ-ում արդեն կայացել է, և Սերժ Սարգսյանը 77 կողմ ձայնով դարձել է վարչապետ, բողոքի ակցիաները, որոնք առաջնորդում է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, չեն մարում։