Երկու հարևան երկրները խորացնում են մշակութային համագործակցությունը: Նախարարները խոսում են համատեղ մշակութային ծրագրերի ու պեղումների մասին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում:
«Նախատեսում ենք հայ-վրացական մի քանի փառատոններ, միջմշակությաին այցելություններ: Մասնավորապես Հաղպատում աշուղական փառատոնի սկիզբն ենք արդեն ուզում հայտարարել: Կինոյի ոլորտում վրացիների փորձառությունը մի փոքր ավելին է, և ունենք փորձի փոխանակման պայմանավորվածություն: Ուզում ենք ստեղծել նաև հայկական և վրացական երգչախմբերի համատեղ ծրագրեր»,-ասել է Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Հայ նախարարը իր վրաց գործընկերոջն առաջարկել է նաև համատեղ հնագիտական պեղումներ անցկացնել: Նրա խոսքերով Հայաստանում և Վրաստանում պեղումները կօգնեն բացահայտել երկու երկրների ընդհանուր պատմությունը:
Իսկ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարն ավելացրել է, որ այդ պեղումներին կմասնակցեն նաև երիտասարդ հնագետները և փորձ ձեռք կբերեն:
«Մեր հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը լայն է եղել: Խոսել ենք մեր ներկայիս և հետագա համագործակցության մասին, կինոյի, երաժշտության և տարբեր փառատոնների կազմակերպման և անցկացման շուրջ: Ինչպես նաև քննարկել ենք մասնագետների փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր: Մեր նպատակը երկու երկրների տարածքում գտնվող մշակութային ժառանգություն ներկայացնող հուշարձանների պահպանության, վերականգնման և կոնսերվացիայի մասին հոգ տանելն է»,- ասել է վրաց նախարարը:
Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխայիլ Գիորգաձեն լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես բարի նախանձով էի նայում և հաճոյախոսություններ անում այն մասնագետներին, ովքեր Հայաստանում իրականացնում են վրացական հուշարձանների վերանորոգման աշխատանքները»:
Նշենք, որ սա Միխայիլ Գիորգաձեի առաջին այցն էր Հայաստան, որպես նախարար։
Այսօր Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարներ Արմեն Ամիրյանը և Միխեիլ Գիորգաձեն Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնի շենքի արտաքին պատին կատարել են Սերգեյ Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակի բացումը։
«Խորհրդանշական է, որ երկար տարիներ անազատության մեջ գտնված, բայց միշտ ազատ մտածողություն ունեցած արվեստագետի գործի կրկնօրինակը մենք բացում ենք Հայաստանի անկախության տոնի օրը։ Խորհրդանշական է նաև, որ դա անում ենք Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեի հետ, որովհետև Սերգեյ Փարաջանովի կոլաժներն ասես հայ-վրացական մշակույթի «խառնարան» լինեն»,- ասել է նախարար Արմեն Ամիրյանը։
Միխեիլ Գիորգաձեն նշել է, որ չնայած Փարաջանովը համարվում է կոսմոպոլիտ արվեստագետ, սակայն, իրոք, նրա ստեղծագործություններում «անզեն աչքով էլ երևում է վրացական և հայկական մշակույթների ազդեցությունը»։