Դիլիսկա գյուղի ազատ ոճի ըմբիշները վերջապես կմարզվեն իսկական մրցագորգի վրա: Երկու մրցագորգ գյուղի սպորտ-դահլիճին է նվիրել Նաիր Նահատակյանը:
Արդեն 7 տարի է Դիլիսկա գյուղի երեխաները հնարավորություն ունեն ազատ ոճի ըմբշամարտով զբաղվելու: Երկու տարի է Դիլիսկայում «Գյուղին աջակցություն ծրագրի շրջանակներում» նոր դահլիճ է կառուցվել, սակայն մրցագորգ չունենալու պատճառով մարզիկները
հնարավորություն չունեին նորմալ պարապունքներ անցկացնել:
Օրեր առաջ Դիլիսկա գյուղից Ռուսաստանում բնակվող Նաիր Նահատակյանը գյուղի երիտասարդ մարզիկներին անակնկալ է մատուցել՝ սպորտդահլիճին նվիրելով երկու մրցագորգ: Ազատ ոճի ըմբշամարտի մարզիկները գոտեմարտում են 9 մետր տրամագիծ և փափուկ ծածկույթ ունեցող շրջանաձև մրցագորգի վրա։
«2 տարի է պարապունքներ չէինք անում սպորտ դպրոցում, որովհետև մրցագորգ չունեինք: Սերգեյ Գոգորյանը (Գեգե) խնդրել է Նաիր Նահատակյանին, որ Դիլիսկայի սպորտ դպրոցը մրցագորգ չունի: Եվ Նաիրը 8 000 դոլարանոց գորգ գնեց, մեկի փոխարեն՝ երկուսը: Շնորհակալություն սպորտ դպրոցի անունից, գյուղի անունից, մարզիկների, բոլորիս անունից»,- ասաց Դիլիսկայի սպորտ դպրոցի տնօրեն Նորայր Կրճացյանը:
Ավելացնենք, որ գյուղի սպորտ դահլիճ է հաճախում շուրջ 70 երեխա, երկու խմբով՝ մեծերի և փոքրերի: Ազատ ոճի ըմբշամարտի Դիլիսկայի մարզիկները թե Վրաստանի, և թե միջազգային առաջնություններից վերադառնում են մրցանակներով: 2017 թվականի ընթացքում արդեն 30-ից ավելի մեդալներ են նվաճել տարբեր մրցույթներում:
Դիլիսկայի սպորտ դպրոցին տարբեր տարիների, ամենատարբեր աջակցություն են ցուցաբերել Ռուսաստանում բնակվող գյուղի համայնքը:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցումների ժամանակ մրցակիցները տարբեր տեխնիկական հնարքներով ձգտում են հաղթանակի հասնել միմյանց նկատմամբ։ Հնարքներ կատարելիս արգելվում է կատարել հոդերի շարժումներին հակառակ և խեղդող հնարքներ։ Գոտեմարտի տևողությունը 6 րոպե է։ Այն բաղկացած է 2-րոպեանոց երեք մրցամասերից՝ 30 վայրկյանանոց ընդմիջումներով։ Առաջին մրցամասի հաղթող է ճանաչվում ավելի շատ միավորներ ունեցող ըմբիշը։ Եթե ըմբիշներից մեկի առավելությունը մեկ մրցամասում հասնում է 6 միավորի, մրցամասը դադարեցվում է և այդ մրցամասի հաղթող է ճանաչվում միավորների առավելություն ունեցող ըմբիշը։
Աղունիկ Այվազյան