Բնակչությունը քիչ է օգտվում առողջապահական ապահովագրական ծառայություններից: Առողջապահության նախարարության կարծիքով պատճառն այն է, որ մարդիկ չեն հասկանում ապահովագրական պոլիսների իմաստը:
Տարիներ առաջ Վրաստանում ներդրվեց համընդհանուր բժշկական ապահովագրության ծրագիրը: Ապահովագրական պոլիսները մինչ օրս մասսայաբար չեն օգտագործվում ոչ առողջապահական հաստատությունների, և ոչ էլ բնակչության կողմից, ինչը պետք է օգտակար լիներ հենց վերջիններիս համար:
Բնակչությունը սովոր չէ օգտագործել ապահովագրական պոլիսները և պահանջել առողջապահական հաստատություններից անվճար կամ մասնակի վճարումով (ըստ պոլիսի պայմանների) ծառայություն: Չնայած այն հանգամանքին, որ նախարարությունը տարածում է թռուցիկներ վրացերեն, ռուսերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով, միևնույն է բնակչության շրջանում տեղեկատվության պակաս կա:
Թամարա Մանջավիձեն Վրաստանի Առողջապահության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ է: Նա ընդունում է, որ բժշկական պոլիսը չի ծառայում բուն նպատակին և պատճառը համարում է մարդկանց չիմացությունը պոլիսների օգտագործման կարգի մասին:
-«Սա ընդհանուր խնդիր է ամբողջ Վրաստանի համար, ոչ միայն ազգային փոքրամասնությունների համար: Օրվա ընթացքում մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում այդ հարցերով: Չնայած այն հանգամանքին, որ հսկայական տեղեկատվություն են տարածել պոլիսների մասին տարբեր ծրագրերի միջոցով ամբողջ Վրաստանով մեկ, ու այդ մասին խոսում էին տարածաշրջանային, տեղական և կենտրոնական հեռուստաալիքներով: Յուրաքանչյուրը կարող է կարդալ այդ տեղեկությունները նաև մեր կայքում: Մարդիկ կարող է լրիվ չեն լսում, կամ հասկանում, դա հասկանալի է բայց հատկապես այդ իսկ պատճառով կան մեր նախարարության մարզային մասնաճյուղեր և այնտեղ աշխատում են սոցիալական աշխատողներ և մարդիկ, ովքեր կարող են տեղեկատվություն տալ», – ասաց Թամարա Մանջավիձեն:
Քրիստինե Մարաբյան