Ախալքալաքի մունիցիպալիտետում երեխաների շրջանում արագորեն տարածվում է կարմրուկ վարակիչ հիվանդությունը։ Երեխաներն ուսումնական հաստատություններ չեն հաճախում, իսկ հիվանդանոցում ամեն օր մանկաբույժներն արձանագրում են կարմրուկի 7-10 դեպք։
Ախալքալաքի հիվանդանոցից Jnews-ին հայտնել են, որ վերջին օրերին օրական միջինում հայտնաբերվում է կարմրուկով հիվանդ 7-10 երեխա, և ավելի շատ դեպքեր կան, որոնք հիվանդանոցին անհայտ են։
«Տարբեր օրեր են լինում: Օրինակ՝ այսօր արդեն 7 երեխա ունենք։ Լինում են օրեր, երբ այն հասնում է 10-ի, շատերը տնային պայմաններում են բուժում ստանում ու մինչև բարդություններ չառաջանան հիվանդանոց չեն դիմում։ Մենք գիտենք, որ կարմրուկը ոչ միշտ, բայց երբեմն ունենում է բարդություններ՝ միջին ականջի բորբոքման, թոքաբորբի և այլնի տեսքով»,- մեկնաբանեց Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մանկաբույժ Մարիաննա Համբարձումյանը։
Նա նշեց, որ մարդիկ ինչ-որ չափով սկսել են գալ պատվաստումների։
«Ուրբաթ օրը 15-20 պատվաստում ենք արել նախկինում չպատվաստված երեխաներին»,- նշեց մանկաբույժը։
Դպրոցներում անմխիթար պատկեր է. կան շատ հիվանդներ, ինչպես նաև այնպիսիք, ովքեր իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում վիրուսը կանխելու համար։ Ախալքալաքի թիվ 2 դպրոցում, որտեղ ամենաշատ դեպքերն են, կան դասարաններ, որտեղ դպրոց հաճախում է 2-3 հոգի։ Դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանը հաստատեց ցածր հաճախելիությունը։
«Խուճապ կար, բայց արդեն անցել է։ Հիմնականում ջերմության և վարակի պատճառով: Դպրոցը չի կարող քայլեր ձեռնարկել, քանի դեռ ապացույցներ չկան: Ծնողները պետք է տրամադրեն իրենց երեխաների հիվանդության տեղեկանքները: Ցավոք, այլ միջոցներ մենք չենք կարող ձեռնարկել»,- մեկնաբանեց Անահիտ Աբգարյանը։
Թումանյանի անվան թիվ 1 դպրոցում կարմրուկի 2 պաշտոնական դեպք կա՝ մեկը երկրորդ դասարանում, մյուսը՝ վեցերորդ: Դպրոցի տնօրեն Ռուզան Տեփոյանի խոսքով՝ նրանցից մեկն արդեն ապաքինվում է։
Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնում նշում են, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը կարմրուկի դեմ զանգվածային պատվաստումն է։
«Այս պահի դրությամբ մեր ծրագիրն է, որ բոլորը գնան պատվաստվեն։ Կարմրուկից միայն մեկ փրկություն կա՝ պատվաստումը: Եթե ամբողջական պատվաստում լինի, ապա 97%-98% հավանականությամբ երեխան չի հիվանդանա»,- մեկնաբանեց Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։
Նա շեշտում է, որ հիվանդության տարածվածությունը վտանգ չի ներկայացնում պատվաստանյութ ստանալու համար։
«Մեզ ասում են, որ եթե նույնիսկ տանը հիվանդ մարդ կա, ընտանիքը պետք է պատվաստվի։ Սա նշանակում է, որ համաճարակը պատվաստման համար խոչընդոտ չէ։ Դրան գումարած՝ ոչ բոլորը տանն ունեն հիվանդ»,- նշում է Սիրանուշը։
Կարմրուկի դեմ պատվաստվելու համար քաղաքի բնակիչը պետք է դիմի Ախալքալաքի հիվանդանոց, գյուղի բնակիչը՝ տարածքային բուժկետ կամ բժշկին: Հիվանդանոցում հնարավոր է արյուն հանձնել՝ կարմրուկի վիրուսի առկայության ստուգման համար։ Այդ լաբորատոր ստուգումը վճարովի է: Այս երկու ընթացակարգերն էլ անվճար են: Կարմրուկի դեմ սովորական պատվաստումները կատարվում են մեկ և հինգ տարեկանում։ Սակայն, ինչպես նշում է Սիրանուշ Տոնականյանը, կարելի է պատվաստվել նաև չափահաս տարիքում:
Դպրոցների փակման վերաբերյալ Հանրային առողջության կենտրոնի տնօրենը նշեց, որ պաշտոնական գրություններ չի ստացել։
«Ինձ հետ չեն կապվել, ես նամակ չեմ ստացել։ Հիվանդությունը կա, սակայն տեղեկանքների տեսքով պաշտոնական հաստատում չկա։ Հիվադնության պաշտոնական դեպքերը մեզ մոտ շատ քիչ են»,- ասաց նա։
Սիրանուշ Տոնականյանի խոսքով՝ կարմրուկը սեզոնային հիվանդություններից տարբերվում է նրանով, որ ջերմությունը բարձրանում է մինչև 39 աստիճան, նաև հիվանդության 4-րդ օրը ցան է առաջանում։ Ըստ նրա՝ կարմրուկի կոնկրետ բուժում չկա, սակայն հիվանդության դեպքում խորհուրդ է տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել բժշկի: