Ամբողջ Վրաստանում, ընդ որում՝ Ախալքալաքում տարածված վիրուսը կարծես բոլորին «ստիպեց» մոռանալ կորոնավարակի մասին։ Եվ իրոք արդեն տևական ժամանակ է Ախալքալաքի առողջապահության կենտրոնում կատարված կորոնավարակի թեստերից և ոչ մեկը դրական չի եղել։
Առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանն ասում է, որ սուր շնչառական վիրուսային վարակի դեպքերը շրջանում շատացել են, իսկ կորոնավարակի դեպքերը հակառակը՝ նվազել:
«Ախտանիշով էլ են գալիս, առանց ախտանիշի էլ, թեստ ենք անում կորոնավարակ ցույց չի տալիս։ Բայց տարբեր վիրուսային հիվանդություններով մարդիկ շատ են գալիս։ Հիմնականում Վրաստանում տարածված է սուր շնչառական վիրուսային վարակի երեք տեսակ, նաև՝ թոքաբորբ։ Հաստատելու համար թե վիրուսի որ ձևն է, օրինակ՝ ռինովիրուս կամ ադենովիրուս, մարդիկ պետք է ստուգվեն», – ասում է Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։
Ներկա դրությամբ կորոնավարակի դեպք գրանցվել է Ախալքալաքի շրջանից մեկ երեխայի մոտ, դեպքը հաստատվել է Ախալցիխեյում, երեխան ներկա դրությամբ գտնվում է Թբիլիսիի կլինիկայում։
Ինչ վերաբերում է կորոնավարակի դեմ պատվաստանյութերին, ապա կենտրոնում կա պատվաստանյութ, սակայն պատվաստվել ցանկացող չկա։ Ինչ վերաբերում է գրիպի պատվաստմանը, ապա շրջանում կատարվել է 500 պատվաստում, լիովին անվճար։
Ըստ Տոնականյանի հունվար-փետրվար ամիսներին գրիպի դեմ պատվաստվելն այդքան էլ արդյունավետ չէ: Հարկավոր է ավելի շուտ պատվաստվել։