Ախալքալաքի շրջանի Ագանա գյուղից 9-ամյա աղջնակն առողջական խնդիրներ ունի։ Որպեսզի ժամանակի ընթացքում խնդիրները վերանան աղջկա մոտ, պարտադիր է, որ նա լողի հաճախի։ Նրա մայրը շաբաթը երկու անգամ Ագանայից տանում է քաղաքի լողավազան, որը բացվում է կեսօրին, իսկ գյուղի հասարակական տրանսպորտն այդ ժամանակ քաղաքից գյուղ է գնում։ Նա ստիպված է լինում ամեն անգամ 35 լարի վճարել տաքսու համար, որպեսզի գյուղ հասնեն:
Երեխայի (խմբ՝ մայրիկի խնդրանքով չենք հրապարակում երեխայի և մոր անուն ազգանունները) մոտ խնդիրը մայրը նոր է բացահայտել, ասում է՝ շուտ-շուտ է հիվանդանում:
«Երեխային վերջերս տարա Թբիլիսի՝ հիվանադանոց, ասացին, որ պարտադիր է նրա համար լողավազանը։ Որպես հիվանդություն՝ ռախիդ ասացին։ Բժիշկն ասաց, որ լավ կլինի, անգամ եթե Աբասթուման տանեմ, բայց ես հնարավություն չունեմ տանելու։ Արդեն 6 անգամ երեխային տարել եմ լողի, իսկ թե որքան եմ տանելու, դա էլ չգիտեմ։ Սպասում եմ դրական փոփոխության», – ասում է երեխայի մայրը։
Հիվանդանոցում երեխայի առողջական խնդիրների վերաբերյալ ասել են, որ փոքրուց վիտամին D-ի չընդունելն է, որը, հետզհետե տարիքի հետ իր ազդեցությունն է թողել։
Աղջնակը լողավազան է հաճախում շաբաթական երկու անգամ։ Առավոտյան մայրիկի հետ գյուղի հասարակական տրանսպորտով է հասնում քաղաք, վճարելով 7․50-ից մինչև 8 լարի, իսկ երեկոյան տաքսիով են գնում տուն, քանի որ գյուղի հասարակական տրանսպորտը քաղաքից գյուղ է վերադառնում ժամը 13։00-ին, իսկ լողավազանը բացվում է ժամը 14։00-ին, այդ դեպքում վճարում են 35 լարի։
Այսինքն՝ մեկ շաբաթվա մեջ նրանց միայն քաղաք հասնելու համար հարկավոր է 86 լարի, ինչը նրանց համար շատ դժվար է։ Տան միակ աշխատողը հայրն է, ով արտագնա ախատանքի է մեկնում Ռուսաստան, բայց հազիվ է ծայրը ծային հասցնում:
Հիմա երբ մայրը երեխային տանում է լողի, իր հետ է տանում նաև փոքր՝ 1 տարեկան և 8 ամսական երեխային, մինչև երեկոյան ժամը 16։30 սպասում են, որպեսզի աղջիկը լողը ավարտի, որ գնան տուն։
«Ես խնդրեցի, որ լողավազանը շուտ բացեն, որ հասցեմ գյուղի տրանսպորտով հետ գնալ, ասացին, որ հնարավոր չէ այդպես, դրա համար էլ ուզած-չուզած տաքսիով եմ գնում: Լինում է, որ գումար ընդհանրապես չեմ ունեում, ստիպված պարտքով եմ վերցնում», – ասում է 9-ամյա երեխայի մայրը:
Չնայած այն փաստին, որ երեխան ունի առողջական խնդիրներ առօրյայում աշխույժ է ու ակտիվ։ Ֆիզիկապես չունի թուլություն։
Երեխայի մոր խնդրանքն է՝ կամ լողավազնը շուտ բացել, կամ հասարակական տրանսպորտը աշխատի մինչև երեկո, քանի որ ֆինանսական խնդիրների պատճառով երեխան չի կարողանա բուժում ստանալ։
JNEWS-ը դիմեց Ախալքալաքի լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանին, որպեսզի տեղեկանա, հնարավոր է լողավազանը ավելի շուտ ժամի բացել։
«Մեր աշխատակիցնեը գալիս են ժամը 14։00-ին, ըստ այդմ՝ այդ ժամին է բացվում, սակայն եթե երեխան ունի առողջական խնդիրներ, մենք կընդառաջենք, ու շուտ կբացենք, բայց կա կարևորագույն մի հանգամանք՝ առավոտվա ժամերին բուժքույրը և մարզիչը տեղում չեն լինի, եթե հնարավոր է առանց նրանց, իհարկե կբացենք, հակառակի մասին խոսք անգամ չի կարող լինել», – ասաց Մարտին Գաբրիելյանը։