Ախալքալաքի Ձնելաձե և Մաշտոց փողոցներում կոյուղին վերանորոգելու նպատակով հարակից ասֆալտապատ տարածքները քանդել են ու այլևս չեն նորոգել, այդ տարածքներում սկսել է տարատեսակ բանջարեղեն աճել։

Այս փողոցներում դիտահորերի տարածքները նման են օազիսի, ասֆալտապատ փողոցներում տեղ-տեղ կանաչապատ, բերքատու մասեր են: Դրանք ամբողջությամբ շիթիլներով են ծածկված: Բնակիչները այդ մասերը օգտագործում են որպես աղբանոց։

koyuxi6
Մաշտոցի փողոցում նման 3 օազիս է առաջացել: 2016 թ. Մաշտոցի փողոցի սկզբնամասը դժվարությամբ ասֆալտապատվեց: Սակայն 3 դիտահորերը չկառուցվեցին, ինչի պատճառով այդ տարածքները մնացին առանց ասֆալտի և ժամանակի ընթացքում ինքնուրույն կանաչապատվեցին:
koyuxi4

«Կոյուղու վերանորոգումից անմիջապես հետո Նինոծմինդայից դիտահորի կափարիչ բերեցինք, սակայն ճանապարհին այն վնասվել էր, այդ իսկ պատճառով անցքը դեռ չի փակվել»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։

koyuxi2

Մաշտոցի փողոցում արդեն մեկ տարի է ինչ կոյուղու ջուրը հոսում է բաց դիտահորի միջով։ Բնակիչները ստեղծված հակահիգենիկ պայմաններում ստիպված են ապրել և ամեն օր շնչել կոյուղու հոտը։

koyuxi1

«Մեզ համար շատ հաճելի էր ասֆալտապատ փողոց ունենալը, սակայն կրկնակի տհաճ երևույթ է, երբ քամու ուղղությունից կախված կոյուղու հոտը ամբողջ փողոցով տարածվում է։ Եղել է, որ երեխաների գնդակն է ընկել խողովակի մեջ, տոպրակներ և այլ իրեր, իսկ այդպես հնարավոր է կոյուղին կրկին մաքրելու կարիք առաջանա, որի համար կրկին ասֆալտապատ ճանապարհը պետք է քանդեն։ մի քանի անգամ էլ պատահել է որ մեքենաներ են ընկել անցքերի մեջ», – մեզ հետ զրույցում ասաց Մաշտոց փողոցի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ։

mashtoc

Ձնելաձե փողոցի օազիսը չնայած մեկն է, սակայն մեծ է: Այստեղի կանաչապատ տարածքը առաջացավ հուլիսի սկզբին կոյուղու խցանման պատճառով: Խցանումը մաքրվեց դժվարությամբ և մաքրելու համար անհրաժեշտ եղավ քանդել փողոցը խողովակների մասում: Խցանումը ճիշտ է մաքրվեց, սակայն քանդված տարածքը չվերանորոգվեց: Փողոցի բնակիչները կես կատակ կես լուրջ ասում են. «մի քանի օրից եկեք բերքը հավաքելու»:

Փողոցների օազիսները կվերանան երբ որ դիտահորերի կափարիչները ձեռք բերվեն, Վարչությունում խոստանում են, որ դա երկար չի տևի…

Ջուլիետա Տոնականյան