Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն կրճատվել է 387 900 լարիով և կազմում է 9 մլն 645 900 լարի: Այս գումարի զգալի մասը ուղղվում է տեղական իշխանությունների՝ քաղաքապետարանի և Սակրեբուլոյի պահպանմանը:
9 միլիոն 645 900 լարիից 2 միլիոն 880 294 լարին ծախսվում է տեղական ինքնակառավարման մարմինների պահպանման վրա, որից 745 394 լարին կուղղվի Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյին, ինչը ընդամենը 1106 լարիով պակաս է նախորդ տարվա Սակրեբուլոյին հատկացված միջոցներից: Այս գումարից 510 800 լարին հատկացվել է աշխատավարձերի համար: Եթե նախորդ տարի հավելավճարներ չէին եղել, ապա այս տարի այն նախատեսված է 10 100 լարիի չափով: Նախկինում՝ 2020 թ.-ին, 3000 լարի էր հատկացվել գործուղումների համար, սակայն համավարակի հետ կապված իրավիճակի պատճառով դրանք կրճատվել են: Այս տարի այդ գումարը նվազել է 1000 լարիով և կազմում է 2000:
Սակրեբուլոյի գրասենյակային ծախսերը նույնպես նվազել են՝ 45 300-ից դառնալով 42 884: Եթե անցյալ տարի դեղորայքի համար գումար չէր հատկացվել, ապա այս տարի 3000 լարի է հատկացվել դրանց գնման համար: Փոխադրման ծախսերը նվազել են 600 լարիով` կազմելով 26 000: Բենզինի (11 000 լարի) ծախսերից բացի, այդ գումարը ներառում է սպասարկման (սպասարկում, անվադողեր, մարտկոց) ծախսեր՝ 15 000 լարի: Նշենք, որ Սակրեբուլոն իր հաշվեկշռում ունի ընդամենը 2 մեքենա, որոնցից մեկը նախագահի, երկրորդը` նրա տեղակալի համար է:
Բյուջեում կա մի կետ, որը նշված է որպես կոնֆերանսներ և սեմինարներ կազմակերպելու ծախսեր։ Նախորդ տարի դրանց համար հատկացվել էր 1600 լարի, այս տարի` 1800 լարի: Նշենք, որ նախորդ տարի COVID-19-ի պատճառով սեմինարներ և կոնֆերանսներ չեն անցկացվել: Ինչպես պարզաբանեց Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, այդ գումարը ծախսվում է հանդիպումների և բյուրոների ընթացքում: Բացի այդ, առանձին կետով առանձնացված է 80 700 լարի այլ ծառայությունների և նյութերի համար, ինչը ենթադրում է յուրաքանչյուր ընտրված պատգամավորին 480 լարի հատկացնել` գործունեության ծախսերի համար:
Ախալքալաքի քաղաքապետարանն իր կարիքների համար այս տարի կծախսի 2 միլիոն 134 900 լարի: Անցյալ տարի այդ գումարը կազմել է 2 միլիոն 236 888 լարի, այսինքն՝ գումարը նվազել է 101 988 լարիով: Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը նվազել են 259 280 լարիով, սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի, ինչպես Սակրեբուլոյի անդամները, այնպես էլ քաղաքապետարանի աշխատակիցները կստանան հավելավճարներ` 74 100 լարիի չափով: Գործուղումների ծախսերի չափը մի քանի անգամ նվազել է՝ 10 000-ից մինչև 5000 լարի: Քաղաքապետարանի ծախսերը ներառում է նաև մունիցիպալիտետի 5 եկեղեցիների ջեռուցումը, որը կազմում է 22 000 լարի:
Ինչպես Սակրեբուլոն, այս տարի քաղաքապետարանը նույնպես դեղորայքի համար 4100 լարի կհատկացնի, նախորդ տարի դրա համար հատկացվել էր 100 լարի: Քաղաքապետարանը 94 370 լարի կհատկացնի տրանսպորտային ծախսերի համար, քաղաքապետարանի հաշվեկշռում կա 7 մեքենա: Այս մեքենաների համար բյուջեով բենզինի համար հատկացվել է 41 000 լարի: Նշենք, որ նախորդ տարի նույն նպատակով հատկացվել էր 29 762 լարի: Բացի այդ, քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների վարձակալության համար հատկացրել է 30 000 լարի:
Այս տարի աշխատակիցների վերապատրաստման համար Ախալքալաքի քաղաքապետարանը կծախսի 15 000 լարի: Մշակութային միջոցառումների համար, այսինքն` ծաղիկների գնման, հանդիպումների և համաժողովների համար բյուջեում հատկացվել է 2000 լարի, նույնքան էր հատկացվել անցյալ տարում: 12 950 լարիով որոշվել է գնել օրգ. տեխնիկա, անցյալ տարի այս գումարը կազմում էր 15 200 լարի:
Քրիստինե Մարաբյան