Վրաստանում հայկական վարորդական իրավունքով երթևեկելու պատճառով տուգանվածների տույժերը չեն չեղարկվել: Վարորդները տարակուսանքի մեջ են, ոչ-ոք հստակ պատասխան չունի, ի՞նչ անել, ու՞մ հավատալ:
Հուլիսի 5-ին Վրաստանում սկսեցին տուգանել այլ երկրների վարորդական իրավունքով երթևեկող վարորդներին: Ջավախքում շատերը հայկական վարորդական իրավունք ունեն, նրանք հայտնվեցին բարդ իրավիճակում: Հովհաննես Եզոյանը մեկն է այն մարդկանցից, ում տուգանել են:
«Ես մոտավոր ժամը 12-ի կողմերը սահմանն (Խմբ. Բավրայի անցակետով դեպի Հայաստան) էի անցնում, անցանք, հետո հետ կանչեցին, վարորդական իրավունքս վերցրին, համարյա կես ժամ ստուգեցին և ասացին, որ ձեր վարորդականը չի գործում, որակազրկված է: Ես նույնիսկ թուղթ ստորագրեցի, որ իմ մեքենան ուրիշին եմ վստահում, որ սահմանն անցկացնի, բայց տուգանք գրեցին 500 լարի, ես չեմ ստորագրել և համաձայն չեմ տուգանքի հետ: Ինձ 10 օր ժամանակ են տվել, որ դատարան դիմեմ, բայց, գիտեմ դատարանում ավելորդ ժամանակ ու միջոցներ եմ վատնելու, անիմաստ է», – պատմեց Հովհաննես Եսոյանը Նինոծմինդայից:
Վարորդները փաստում են, որ Հայաստանից Վրաստան ուղևորվող մեքենաների վարորդներին չեն տուգանում, առաջին անգամ բավարարվում են միայն զգուշացմամբ:
«Հայաստանից եկողներին զգուշացնում էին, որ այլևս չվարեն հայկական վարորդական իրավունքով: Մարդ էինք կանչում քաղաքից, որ գային սահմանն անցկացնեին: Ինձ բացատրեցին, որ պիտի գնամ Հայաստան, վարորդական իրավունքս թարմացնեմ, դարձնեմ 2017 թվականի, որ նոր կարողանամ հանգիստ վարել», – նշեց Հովհաննես Եսոյանը: Միանշանակ ավելացնելով, որ նույն օրը շատերն են իր բախտին արժանացել, այսինքն 500-ական լարիի չափով տուգանվել:
Jnews-ի ունեցած տվյալների համաձայն՝ հուլիսի 5-ին Ախալքալաքում և Նինոծմինդայում շատերին են տուգանել շրջիկ պարեկային ոստիկանության աշխատակիցները: Նույն օրը երիտասարդները բողոքեցին մասսայական բնույթ կրող տուգանքների դեմ, քանի որ վերջիններս նախօրոք զգուշացված չեն եղել: Արդյունքում հուլիսի 6-ին պատգամավոր Սամվել Մանուկյանը Jnews-ին տեղեկացրեց, որ խնդիրը լուծված է, նույնիսկ չեղարկվել են արդեն գրված տուգանքները: Սակայն տուգանված վարորդները մեզ հայտնում են, որ իրենց տուգանքները դեռ չեղարկված չեն:
«Ես երկու օր է ստուգում եմ, համակարգիչ եմ մուտքագրում իմ անձնական տվյալները և ցույց է տալիս, որ 500 լարի տուգանք ունեմ վճարելու: Թեժ գիծ եմ զանգել, ինձ ասացին, որ անհնար է տուգանքը չեղարկել: Հետո իմ ընկերը զանգեց, ում նույնպես տուգանել են: Նրան էլ ասացին, որ տուգանքները չեն հանել, բայց հայկական վարորդական իրավունքով կարող են երթևեկել: Իսկ երրորդին էլ ասացին՝ ոչ հայկական վարորդական իրավունքները կգործեն, ոչ էլ տուգանքները կչեղարկվեն: Երեքս էլ իրար կողք կանգնած, մի քանի րոպեների տարբերությամբ զանգել ենք նույն թեժ գիծ»,- պատմեց Հովհաննեսը:
Ստեղծված իրավիճակում Jnews-ը փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից, որտեղ խնդրեցին գրավոր ներկայացնել հարցերը և խոստացան հուլիսի 7-ին, մինչև աշխատանքային օրվա ավարտին պատասխանել մեր հարցերին, սակայն մինչև հիմա պատասխան չկա:
Հայկական վարորդական իրավունքով երթևեկող վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ նշեց. «Ինձ չեն տուգանել, բայց ես մտահոգված եմ, քանի որ իմ վարորդականն էլ հայկական է: Ասացին կարող եմ վրացականով փոխարինել առանց քննություն հանձնելու, բայց գնացի ասացին, որ չեմ կարող: Բայց կարող եմ հայկականով վարել: Ծանոթ պարեկային ոստիկանության աշխատակիցներից ճշտեցի, որ կարող եմ հանգիստ վարել, եթե վարորդականս 2016-ին եմ վերցրել»,- ասաց խնդրով մտահոգ վարորդը:
Խնդիրն այն է, որ հուլիսի 1-ից Վրաստանում վարորդական նոր նորմեր մտցվեցին՝ 100 բալանոց համակարգը: Արդունքում, պարեկային ոստիկանության աշխատակիցները սկսել են տուգանել հայկական վարորդական իրավունքով վարորդներին: Քանի-որ 100 բալանոց համակարգով խախտումների դեպքում բալերն են իջեցվում, և ամբողջ թղթաբանությունն արվում է հենց վարորդական վկայականով, իսկ հայկական վարորդական վկայականի դեպքում թղթաբանությունը էլ ավելի է բարդանում:
Պատգամավոր Սամվել Մանուկյանը խոստացավ, որ հուլիսի 5-ին տուգանված վարորդները խնդիրների դեպքում կարող են անձամբ իրեն դիմել: Վերջինս վստահեցնում է, որ հայկական վարորդական իրավունքով երթևեկող վարորդները այլևս անարգել կարող են երթևեկել:
Jnews-ը Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում ստանալուն պես մանրամասն ու հետևողական կներկայացնի իրադարձությունների զարգացման ամբողջ ընթացքը:
Հավելենք, որ նյութում հիմնական շեշտադրում է կատարվել կոնկրետ հայկական վարոդական իրավունքով երթևեկող վարոդրների խնդիրներին, քանի, որ Ջավախքում շատերի վարորդական վկայականը հենց հայկական է: Սակայն, Վրաստանում սկսեցին տուգանել օտար երկրում ձեռք բերված վարորդական իրավունքի համար:
Աղունիկ Այվազյան