Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Փոքր Սամսար գյուղում նախկին փեսայի կողմից դանակահարված աները և զոքանչը Թբիլիսիի հիվանդանոցից վերադարձել են տուն։ Բժիշկները նրանց վիճակը նորմալ են գնահատում:

Երկու օր առաջ Փոքր Սամսար գյուղում միջին տարիքի տղամարդը ներխուժելով նախկին կնոջ հայրական տուն և դանակով հարվածներ է հասցրել նրա ընտանիքի անդամներին, այդ թվում՝ 8 ամսական երեխայի: Ախալքալաքի ռեֆերալ հոսպիտալ էր տեղափոխվել 4 մարդ՝ տարբեր աստիճանի վերքերով։ Այնուհետև, անհրաժեշտություն է առաջացել դանակահարվածներից երկուսին տեղափոխել Թբիլիսի: Նշենք, որ 8 ամսական երեխան և նրա մայրը երեկ են Ախալքալաքի հիվանդանոցից դուրս գրվել:

Կնոջ խոսքերով, նախկին ամուսինը վրեժ է լուծել իր ընտանիքից այն բանից հետո քանի-որ երկու տարի առաջ իրեն ոստիկանությունում հարցաքննել են ընտանեկան բռնության համար:

«Խանութից քաղցրավենիք էր գնել, եկել էր երեխաներին տեսնելու, երեխաներս ողջ են մնացել, բայց ծնողներս ծանր վիրավոր են, հարսս ու նրա 10 ամսական տղային նույնպես վնասել է», – Sknews-ին ասել է դանակահարության մեջ մեղադրվող տղամարդու նախկին կինը։

Հիշեցնենք, որ դանակահարության դեպքը Փոքր Սամսար գյուղում տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո։ 40-ն անց տղամարդը մտել է նախկին կնոջ հայրական տուն, դանակի հարվածներ հասցրել կնոջ հարազատներին ու փախել։ Դեպքից ժամեր անց, Ախալքալաքի ոստիկանությունը բերման է ենթարկել 4 հոգու դանակահարած տղամարդուն:

Հարկ է, նշել որ դանակահարության մեջ մեղադրվող տղամարդը մեկ շաբաթ առաջ է բանտից դուրս եկել, որտեղ նա պատիժ էր կրում ընտանեկան բռնության համար: