Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղի աշակերտները այսուհետ ունեն հարմար և վերանորոգված սպորտդահլիճ և այլևս սպորտի դասերը ստիպված չեն լինի անցկացնել բացօդյա պայմաններում:
Դպրոցում մինչ այս սպորտի դասաժամերը անցկացրել են բաց երկնքի տակ, իսկ ձմռանը, ցրտի պատճառով, սպորտի դաս հաճախ չեն արել, այս ամենից ելնելով դպրոցի լեզու-գրականության ուսուցչուհին որոշել է սպորտդահլիճի վերանորոգման նախագիծ գրել և այն շահել է: Հունիսի 6-ին դպրոցում անցկացվեց վերանորոգված սպորտդահլիճի բացումը:
«Քանի որ ձմեռը մեզ մոտ միշտ անբարենպաստ է և սպորտի դասաժամերը անցկացնելու ոչ մի տեղ չունեինք, որոշեցինք երեխաների համար ստեղծել որոշակի հարմարություն և գրեցինք այս նախագիծը: Ընդհանուր բյուջեն կազմեց երկու հազար լարի, որից 1000 լարին կազմակերպությունն է տվել, իսկ մյուս 1000 լարին՝ դպրոցը», – մեզ հետ զրույցում ասաց նախագծի հեղինակ, Մայրենի լեզվի և գրականության ուսուցչուհի Ալմա Մուրադյանը:
Նորաբաց սպորտդահլիճին ծանոթացան երեխաները, և բացումից անմիջապես հետո նրանք անցան խաղերի, սկսելով սեղանի թենիսից և վերջացնելով վազքով:
Դպրոցներին աջակցության ծրագիրը իրագործում է Ախալցիխեյի երիտասարդական կենտրոնը Կրթության նախարարության հետ համագործակցությամբ, USAID International-ի և PH Georgia միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
«Սա շատ նշանակալից է ինչպես դպրոցի ուսուցչական անձնակազմի ու աշակերտների, այնպես էլ մեզ համար՝ PH Georgia միջազգայի կազմակերպության ներկայցուցիչների համար: Ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք համատեղ ուժերով վերանորոգել դպրոցի սպորտդահլիճը», – մեզ հետ զրույցում ասաց PH Georgia միջազգային կազմակերպության փոքր նախագծերի համակարգող Ինգա Քիբրոծաշվիլին:
Ջուլիետա Տոնականյան