Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում տեղի է ունեցել գրական ցերեկույթ՝ նվիրված հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին: Կենտրոնի սաները հանգամանալից ներկայացրին Գևորգ Էմինի կյանքն ու ստեղծագործական ուղին:
Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված միջոցառումն սկսվեց Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի սան՝ Զոյա Ղարսլյանի «Սասունցիների պարը» ստեղծագործության անզուգական ներկայացմամբ։ Իսկ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի սաները ներկայացրեցին Գեւորգ Էմինի կենսագրությունը և «Յոթ երգ Հայաստանի մասին» ստեղծագործությունը։ Սաներից Ռոբերտը մարմնավորեց Էմինին, իսկ մյուսները ասմունքեցին Էմինի չափածոներից մի քանիսը՝ իրենց իսկ նախընտրությամբ:
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը Jnews-ի հետ զրույցում կարևորեց նմանօրինակ միջոցառումների շարունակականությունը:
«Տարին ավարտում ենք Գևորգ Էմինին նվիրված միջոցառումով: Նմանատիպ միջոցառումների անցկացումը շատ կարևոր է հատկապես երեխաներին կրթելու, հայրենասիրական ոգով դաստիարակելու համար: Յուրաքնաչյուր գրողի, հայ նշանավոր մարդու ներկայացումը երեխաների համար մեծ դաս է»,- իր խոսքում նշեց Կարինե Թադևոսյանը:
Գևորգ Էմինը (Կառլեն Մուրադյան) ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում։ Իր «Իմ կյանքը» ինքնակենսագրականում գրել է, որ Աշտարակ քաղաքը համարում է «Հայաստանի սիրտը» և առանձին հպարտությամբ իրեն կոչել է «աշտարակեցի Գևորգ»։
Գրել է «Նախաշավիղ», «Խաղաղության ծխամորճը», «Նորք», «Նոր ճանապարհ», «Որոնումներ», «Երևանի լույսերը», «Մինչև այսօր», «Երկու ճամփա», «Այս տարիքում», «Քսաներորդ դար», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Ելք Եգիպտոսից» բանաստեղծությունների, պոեմների և ակնարկների գրքերը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։
Գ. Էմինը հայերեն է թարգմանել այլազգի հեղինակների, որոնցից լավագույնները ամփոփված են «Գիրք թարգմանությանց» (Երևան, 1984 թ.) գրքում։ Գևորգ Էմինը մահացել է 1998 թ. հունիսի 11-ին Երևանում։