Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում «Մեկ աշխարհ դպրոցում» նախագծի շրջանակներում կայացել է վավերագրական ֆիլմի ցուցադրություն, որն իրականացվում է «Ժողովրդավարության ամրապնդումը մեդիագրագիտության բարձրացման միջոցով» ծրագրով:
«Մեկ աշխարհ դպրոցում»-ը կրթական ծրագիր է, որն իրականացվում է Սլովակիայում, Լեհաստանում, Էստոնիայում, Ռումինիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Լիբանանում, Մոնղոլիայում և Հայաստանում: Վրաստանում ծրագիրը մեկնարկել է դեռ 2011 թվականից և իրականացվում է Իմերեթի, Սամեգրելո, Շիդա Քարթլի, այժմ նաև՝ Քվեմո-Քարթլի և Սամցխե-Ջավախքի շրջաններում:
«Մեկ աշխարհ դպրոցում» ծրագիրն իրականացվում է «People in need» կազմակերպության գործունեության շրջանակներում: Ծրագիրը ներառում է ժամանակակից աշխարհի արդիական խնդիրների մասին վավերագրական ֆիլմերի ցուցադրություն:
«Մենք Սամցխե-Ջավախքում ունենք երկու կազմակերպություն. «Կանայք հանուն Ջավախքի ապագայի» և «LAG»: Ծրագրի շրջանակներում մենք ունենք երեք ֆոկուս խմբեր: Դրանք երիտասարդներն են, կանայք և տարեցները: Հետաքրքիրն այն է, որ կրթության ոլորտում նման մեթոդաբանությամբ ծրագրի հաճախ չես հանդիպի: Ուսուցումն ընթանում է իրական իրադարձությունների հիման վրա նկարահանված վավերագրական ֆիլմերի դիտումների տեսքով: Ինչը ավելի է հեշտացնում հասկանալ, թե ինչ է մեդիա գրագիտությունը, մարդու իրավունքները և մարդու իրավունքների ոտնահարումը», – ասում է Աննա Կոճուա-Չախայան` «Ժողովրդավարության ամրապնդումը մեդիագրագիտության զարգացման միջոցով» ծրագրի ղեկավարը:
«People in need» նախագծի շրջանակներում կաշխատեն նաև լրագրողների և երիտասարդների հետ:
Աննա Կոճուա-Չախայան հավաքված կանանց պատմում է ցուցադրված ֆիլմի և ծրագրի մասին:
Կարտիկամ գյուղը խանդավառորեն է մասնակցում ծրագրին: