Գումբուրդոյի X դարի եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքում եկեղեցու տարածքից դուրս են գալիս մարդկային ոսկորներ: Գյուղի բնակիչները ուզում են, որ ոսկորները կրկին թաղեն եկեղեցու բակում և խաչքար կանգնեցնեն: Այս հարցին պատշաճ ձևով լուծում տալու նպատակով նրանք հանդիպում են կազմակերպել հայ և վրաց հոգևորականների հետ:

2016 թվականի կեսերին սկսվեց Գումբուրդոյի 10-րդ դարի եկեղեցու վերականգնման աշխատանքները: Եկեղեցու շինարարական, մասնավորապես հողային աշխատանքների և պեղումների ժամանակ մարդկային ոսկորներ են դուրս գալիս: Եղել է, որ գյուղի բնակիչները հավաքել ու հոգեհանգստի կարգով վերաթաղել են ոսկորները: Սակայն խնդիրը չի լուծվել, եկեղեցու տարածքում հիմա էլ յուրաքանչյուր քայլափոխի ոսկորներ կան գցած: Գյուղացիները նշում են, որ այս ընթացքում 43 պարկ ոսկոր են հավաքել և վերաթաղել:

Գումբուրդո գյուղի բնակչությունն անհանգստացած է: Այս խնդրի լուծման տարբերակներ գտնելու նպատակով, գյուղացիների խնդրանքով, մայիսի 10-ին նրանց հետ հանդիպեցին հայ և վրաց եկեղեցու հոգևոր առաջնորդները՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկա տարածաշրջանի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանն ու Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի առաջնորդ՝ Նիկոլոզ Փաճուաշվիլին: Հանդիպումը տեղի ունեցավ Գումբուրդոյի Հասարակական կենտրոնում:

Բնակիչները հայտնեցին հոգևորականներին իրենց զայրույթի պատճառները.
«Մեր պահանջն է, թույլատրեն թաղենք մեր պապերի ոսկորները, որի վրա էլ խաչքար կանգնեցնենք: Այնտեղ մեր նախնիներն են թաղված, կա մարդ որ իր պապին է այստեղ թաղել: Արդեն չեմ հիշում քանի անգամ են հողից հանել ոսկորները, արևին են տալիս, այդ մարդիկ խիղճ չունեն, թուրքերը նույնիսկ նման բան չեն անում: Մի խաչքար ենք ուզում, ու՞մ է դա խանգարում, մենք չենք հասկանում: Դարերով պահպանել ենք եկեղեցին, որ այսօր գան ինչ ուզեն անեն: Մենք նույնիսկ չգիտենք, թե եկեղեցին վերջնական ինչ տեսք է ունենալու, գործող եկեղեցի է լինելու, թե պարզապես մշակութային կոթող: Մեզ չեն տեղեկացնում: Եկել են, իրենք իրենց ինչ ուզում անում են, կարծես մենք այստեղ չկանք»:

gumburdo

«Շինարարները կամայականորեն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր տաճարի տարածքում են թաղված: Եվ մինչև հիմա էլ ոսկորները հավաքված չեն: Ոսկորները թափել ու թողնել հեռանալ, արևին տալ, շներին ու կատուներին փայ բաժին, սա ոչ միայն քրիստոնեական արարք չի, այլև մարդկային տեսանկյունից էլ զազրելի երևույթ է: Ես առաջարկում եմ շաբաթօրյակ կազմակերպենք և հավաքենք ոսկորները, մինչև տեսնենք ինչ որոշում կընդունվի»,- ասաց Սամցխե-Ջավախքի և Ծալկա տարածաշրջանի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը:

Գումբուրդոյի եկեղեցու վերանորոգման ընթացքում հողի տակից դուրս եկած ոսկորների մասին տեղեկանալով Վրաց Պատրիարք Իլիա II Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի առաջնորդ՝ Նիկոլոզին լիազորել է, որպեսզի վերջինս մշտապես այցելի եկեղեցի և հետևի շինարարական աշխատանքներին, որ նման պատմություններ չկրկնվեն:

gumburdo bnakich

«Խնդիրն այն է, որ եթե այսօր մենք վերաթաղենք հավաքված ոսկորները, նորից այդ ոսկորները հայտնվելու են հողի վրա, քանի որ 3 տարի շարունակվելու է եկեղեցու վերականգնման աշխատանքները: Եկեղեցու տարածքում հողային շերտը մոտավոր 2-3 մետր իջնելու է ներքև, այսինքն այնպես չլինի, որ այսօր մենք մի բան անենք, իսկ վաղը պետությունը քանդի և ստիպված լինենք մարդկային ոսկորները վերաթաղելու տեղ փնտրենք»,- ասաց Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի առաջնորդ՝ Նիկոլոզ Փաճուաշվիլին:

Երկու ժամից ավելի տևած քննարկման արդյունքում Գումբուրդո գյուղի բնակիչներն ու հոգևորականները ժամանակավորապես որոշեցին.

Առաջին հերթին գետնի վրա գտնվող ոսկորները հավաքել և ժամանակավորապես որևէ մի շինություն կառուցել, որ ոսկորները արևի և անձրևի տակ չլինեն: Ինչպես նաև նամակ-դիմում գրել հայ ու վրաց կաթողիկոսներին, եկեղեցու վերանորոգումն իրականցնող պատկան մարմիններին:

Գումբուրդոյի եկեղեցու վերանորոգումը սկսվել է 2016 թվականի կեսերից, որն իրականացնում է Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը:

Աղունիկ Այվազյան