Երկու շաբաթից ավելի է, ինչ սկսվել են Գումբուրդո գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այժմ եկեղեցու տարածքն է մաքրվում, հողային աշխատանքների ժամանակ մարդկային ոսկորներ են դուրս գալիս:

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո (վրաց. Կումուրդո) գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցված է 10-րդ դարում: Այսօր եկեղեցին կիսավեր վիճակում է գտնվում:

Հուլիսի 5-ից սկսած եկեղեցու տարածքում ընթանում են հողային մաքրման, ինչպես նաև եկեղեցու տարածքի տապանաքարերի, խաչքարերի, հիմնաքարերի դասակարգման աշխատանքներ:

«Հիմա մաքրման աշխատանքներ են իրականացվում, քարերը արդեն այնտեղ ենք դասավորել, հողը պետք է հավասարեցնել: Այս աշխատանքներից հետո հնագիտական պեղումներ կիրականացվեն, որից հետո կսկսվի վերականգնման աշխատանքները», – ասաց հնեաբան, վերականգնող Բեսիկ Կոլբայան:

Գումբուրդոյի 10-րդ դարի տաճարի վերականգնման ծրագիրը իրականացնում է Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը: Եկեղեցու հիմնովին վերականգնումը կտևի 3 տարի: Եկեղեցու քարերը հատուկ կբերվեն Աբուլ գյուղի քարհանքից: Հատուկ ուսումնասիրություն է անցկացվել և պարզվել է, որ նույն քարով է եկեղեցին կառուցված:

Գումբուրդո գյուղ մեր այցի ժամանակ Եկեղեցու հյուսիսային մասում հողային շերտի հեռացման աշխատանքներ էին ընթանում: Հողային շերտի հեռացման ժամանակ աշխատակիցները արկղներով մարդկային ոսկորներ են հավաքել:

Նշենք, որ անցած տարի Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը որոշակի պեղումներ էր իրականացրել, արդյունքում գյուղացիները դժգոհում էին:

Հնագետ Բեսիկ Կոլբայայի խոսքով մի քանի օրից Թբիլիսիից կժամանեն հնագետները պեղումներ կատարելու համար: jnews.ge լրատվականը հետևողական կերպով կլուսաբանի Գումբուրդոյի 10-րդ դարի եկեղեցու վերականգնման ընթացքը:

Գումբուրդոյի եկեղեցին Վրաստանում հայկական վիճահարույց եկեղեցիների ցանկում է: Եկեղեցին կռվախնձոր է դարձել հայերի և վրացիների միջև, մի կողմը պնդում է, որ եկեղեցին հայկական է, իսկ մյուսը՝ որ վրացական, սակայն անկախ ամեն ինչից, 10-րդ դարի այս հոյակերտ տաճարը առաջին հերթին պահպանման կարիք ունի:

Gimbirda4

Gimbirda14

Gimbirda13

Gimbirda5

Gimbirda6

Gimbirda8

Gimbirda9

Gimbirda10

Gimbirda2

Gimbirda7

Gimbirda15

Gimbirda12

Gimbirda3

Աղունիկ Այվազյան