Այսօր, մարտի 27-ին Մեծ պահքի Միջինքի օրը Ջավախքի գրեթե բոլոր եկեղեցիներում անցկացվեց «Հայկական գաթա» փառատոնը:
Ութ տարի առաջ ձեռնարկված այս գեղեցիկ նախաձեռնությունը վերածվել է սպասված ավանդույթի, որն իր շուրջն է համախմբում բազմաթիվ մարդկանց, տարբեր բնակավայրերից։
Փառատոնն ազդարարվեց տերունական աղոթքով և ժամերգությամբ, որից հետո Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն անդրադարձավ Մեծ պահքին և Միջինքին:
Այնուհետև Առաջնորդարանի սաները ներկայացրին գաթա թխելու ավանդույթն ու Մեծ պահքի խորհուրդը:
Այսօր Միջինք է։ Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
Ըստ ավանդության՝ այդ օրը Ջավախքում նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին, իսկ կտրելիս` հավասար բաժին հանում տան բոլոր անդամներին: Ում բաժնի միջից այն դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:
Փառատոնին ներկայացված էին շուրջ 100 գաթա, որոնք ջերմությամբ և խանդավառությամբ պատրաստել էին Ջավախքի կանայք: Փառատոնին իրենց գաթաներով ներկայացել էին Ախալքալաքի տարբեր հաստատությունները ներկայացնող կանայք:
Նշենք, որ Մեծ պահքը մեկնարկել է մարտի 4-ից։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: