«Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ը (TI) ուսումնասիրել է Ախալքալաքի լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանին պատկանող «Մեգոբրոբա-5» ընկերության Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների կողմից հայտարարված մրցույթներին մասնակցությունը։ TI-ը դիմում է Պետական անվտանգության ծառայության Հակակոռուպցիոն գործակալությանը և հորդորում ուսումնասիրել «Մեգոբրոբա» ՍՊԸ-ի մասնակցությամբ պետական գնումները և պարզել, թե արդյո՞ք եղել են գնորդների և կապալառուի միջև հնարավոր կոռուպցիոն գործարքներ։

Մարտին Գաբրիելյանը, ով 2013 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ախալքալաքի մունիցիպալիտետում, ստանում է պետական գնումներ։ Ըստ TI-ի՝ 2019 թվականի օգոստոսից մինչ օրս նրա «Մեգոբրոբա» ՍՊԸ-ն ստացել է 36 պետական գնում և կնքել պայմանագրեր 1 390 861 լարիի չափով։ Դրանցից 667 186 լարին (47,9%) Ախալքալաքի բյուջեից մուտքն է՝ 21 գնումների հաշվին։

Կազմակերպությունը գրում է նաեւ Մարտին Գաբրիելյանի 2013 թվականից զբաղեցրած պաշտոնների մասին։ Այսպիսով, նա 2013-2014 թվականներին եղել է Ախալքալաքի մունիցիպալիտետի գամգեբելիի երրորդ տեղակալը, 2014-2017 թվականներին Ախալքալաքի սակրեբուլոյում եղել է «Ազատ դեմոկրատներ» խմբակցության նախագահը, պատգամավորի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո՝ 2018 թվականի սեպտեմբերին, հիմնել է «Մեգոբրոբա» ՍՊԸ-ն, որի սեփականատերն ու տնօրենն է մինչ օրս: Ընկերությունը պետական գնումներին մասնակցում է 2019 թվականի գարնանից։ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 31-ը եղել է Դիլիսկա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը, իսկ 2021 թվականի ապրիլի 1-ից մինչ օրս Ախալքալաքի մունիցիպալիտետի իրավաբանական անձ «Փակ լողավազան»-ի տնօրենն է։

2019 թվականի մայիսից մինչև 2022 թվականը «Մեգոբրոբա» ՍՊԸ-ն շահել է Ախալքալաքի հանրային դպրոցներում շինարարական և նորոգման աշխատանքների 29 մրցույթ, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների քաղաքապետարանների շինարարական և վերանորոգման աշխատանքները՝ ընդհանուր 1 095 796 լարիի չափով: Դրանցից 372 121 լարիի (33,95%) չափով 14 տենդեր՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Ընկերությունն Ախալքալաքում առանց մրցակցության և այլ մասնակիցների որակազրկման պարագայում շահել է 271 242 լարիի (72,8%) չափով 10 մրցույթ։

Հարկ է նշել, որ Մարտին Գաբրիելյանի ընկերության կողմից բոլոր ուղղակի գնումները ստացվել են միայն Ախալքալաքի քաղաքապետարանից։ 2019-2020 թվականներին «Մեգոբրոբա» ՍՊԸ-ն 7 պարզեցված գնումների միջոցով ստացել է 295 065 լարի:

2020 թվականի սեպտեմբերից, այն պահից, երբ Գաբրիելյանը նշանակվել է նախ Դիլիսկա գյուղի լիազոր ներկայացուցիչ, ապա՝ Ախալքալաքի լողավազանի տնօրեն, նրա ընկերությունը պետական 16 գնումներից ստացել է 839 271 լարի, այդ թվում՝ 240 568 լարին Ախալքալաքի բյուջեից 7 գնումների համար։

«Մեգոբրոբա» ՍՊԸ-ի մասնակցությամբ պետական գնումների հետազոտության իր զեկույցի վերջում TI կազմակերպությունը դիմել է ՊԱԾ Հակակոռուպցիոն գործակալությանը՝ հետաքննել վերը նշված պետական գնումները՝ պարզելու, թե արդյո՞ք եղել են գնորդների և կապալառուի միջև հնարավոր կոռուպցիոն գործարքներ: