Վրաստանի ավտոմայրուղիների վրա մայիս ամսվա մեջ կտեղադրվեն մոտ 90 տեսախցիկներ: Այս մասին հայտարարեց Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն հանդիպման ժամանակ, որտեղ նա ներկայացրեց նախարարության գործունեության հաշվետվությունը և խոսեց գործողությունների պլանի մասին:
Ըստ Ալավիձեի, տեսախցիկները արձանագրելու են միջին արագությունը տեսախցիկից տեսախցիկ.
«Չի լինելու այնպես, որ տեսախցիկը տեսնելով մեքենան նվազեցնի արագությունը, իսկ անցնելով այն արագությունը կրկին աճի: Մենք պետք է խստացնենք վարչարարությունը, և ով արժանի է պատժի, նա կտուգանվի: Ինչքան շատ պարեկային ոստիկանություն էլ կանգնած լինի ճանապարհների վրա, կապ չունի բոլոր վարորդները «թռչում են», և դա խնդիրներ է առաջացնում», – ասաց Ալավիձեն:
Զուրաբ Ալավիձեն հավելեց, որ շուրջ 1000 տեսախցիկ կտեղադրվի, ինչպես ավտոճանապարհներին, այնպես էլ քաղաքապետարանների ճանապարհների վրա, բոլոր ուղղություններով:
«Անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է: Մենք փորձում ենք, որքան հնարավոր է շուտ տեղադրել տեսախցիկները և միացնել ցանցին: ՆԳՆ-ն նույնպես պատրաստ է դրան», – հայտարարեց Ալավիձեն:
Լուսինե Աստոյան