Այսօր առավոտյան Վրաստանի տարածքում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայք-էջում:

Ժամը 07:24-ին՝ Սամեբա գյուղի մոտակայքում, Դմանիսի քաղաքից 25 կմ հարավ-արևմուտքում (Քվեմո-Քարթլիի շրջան) գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ:

Միջին ուժգնության երկրաշարժի օջախը գտնվում էր 9 կիլոմետր խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Դրան հաջորդել է ևս մեկ հետցնցում (կրկնակի ցնցում)՝ ուղիղ կես ժամ անց, Թբիլիսիի ժամանակով 08:03-ին, 3,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նույն գոտում:

Վերջին մեկ ամսում Վրաստանում տեղի է ունեցել ավելի քան 1,2 հազար երկրաշարժ: Դրանցից շատերը գրանցվել են Սամեբա գյուղի շրջակայքում՝ Ջավախքի լեռնաշղթայի տարածքում: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի ղեկավար Թեա Գոգոլաձեն Netgazeti-ին տված մեկնաբանության մեջ նշել է, որ այս գործընթացները չեն զարմացնում փորձագետներին, քանի որ Ջավախքի լեռնաշղթան հրաբխային ծագում ունի: Նրա խոսքով` այնտեղ կան հանգած հրաբուխներ, և մագմատիկ ակտիվությունը բնորոշ է այս տարածաշրջանին:

Փորձագետները հսկողություն են իրականացնում, քանի որ սեյսմիկ գործընթացները կարևոր են ուսումնասիրության և վերլուծության տեսանկյունից, սակայն, ինչպես նշում է Գոգոլաձեն, այն, ինչ տեղի է ունենում, առանձնակի վտանգ չի ներկայացնում բնակչության համար:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է: Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաճա և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) շրջաններում: Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 9 բալ: Այս երկրաշարժը հանգեցրել էր մոտ 200 մարդու մահվան, գրեթե 46 000 տուն և 1000 արդյունաբերական օբյեկտներ ավերվել էին: