Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան մասնակցել է Կախեթիի գաստրոնոմիկ շրջագայությանը:
Շրջայցն իրականացվել է Զբոսաշրջության ազգային վարչության կողմից` Վրաստանի գաստրոնոմիական ասոցիացիայի և «Գաստրոնոմիկ զբոսաշրջության բիզնես ասոցիացիայի» հետ համատեղ: Թուրնավայի հետ միասին միջոցառումներին մասնակից են եղել բլոգերներն ու լրագրողները: Հյուրերի համար կազմակերպվել էին խոհարարական վարպետաց դասեր:
Ըստ Թուրնավայի, նման միջոցառումները ծառայում են ագրոտուրիզմի մասսայականացմանը՝ ինչպես արտասահմանցի ճանապարհորդների, այնպես էլ ներքին զբոսաշրջիկների շրջանում:
«Նման գաստրոնոմիկ շրջագայությունների միջոցով մենք փորձում ենք հանրաճանաչելի դարձնել վրացական խոհանոցը և ցանկանում ենք ցույց տալ ոչ միայն արդեն հայտնի զբոսաշրջային տեսարժան վայրերն ու մեծ քաղաքները, այլ նաև մարզային փոքր հյուրանոցները, ագրոտուրիզմի փոքր օբյեկտները», – Թուրնավայի խոսքերը մեջբերում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է նախարարը, ագրոտուրիզմին մեծ նշանակություն է տրվում ոլորտի զարգացման ռազմավարության առումով, ինչպես նաև ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսային համավարակից հետո տնտեսության վերականգնման տեսանկյունից:
«Շատ կարևոր է ներկայացնել մեր գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական արտադրանքը և դրա հետ կապված զբոսաշրջային հնարավորությունները: Սրան է ծառայում մեր այսօրվա միջոցառումը», – ասել է նախարարը:
Զբոսաշրջության ազգային վարչությունն ագրոտուրիզմը խթանելու ծրագիրը սկսել էր այս տարվա ապրիլին: Ծրագրի շրջանակներում շաբաթական անցկացվում են գաստրոնոմիկ շրջագայություններ դեպի Վրաստանի շրջաններ:
Ծրագրի նպատակն է ստեղծել և մասսայականացնել Վրաստանի շրջանների խոհանոցի գաստրոնոմիական ուղիները, ներկայացնել ոչ նյութական մշակութային արժեքներ, խթանել ներքին տուրիզմը և գյուղատնտեսությունը: