Դիլիսկա գյուղի №1 հանրային դպրոցը համալրվեց նոր դպրոցական գույքով և պարագաներով: «Youth Bank»-ի կողմից ընտրված և ֆինանսավորվող 5 ծրագրերից մեկն իրականացվեց Դիլիսկայի դպրոցում:
Դիլիսկա գյուղում իրականացվող ծրագրի հեղինակը 12-րդ դասարանի աշակերտ Ռադիկ Եզոյանն է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում էր 490 լարի, որի սահմաններում էլ գնվել է 5 քարտեզ, 5 գլոբուս և 1 գրատախտակ: Ռադիկ Եզոյանի խոսքերով իրենց դպրոցում աշխարհագրության դասերն անցնում էին առանց քարտեզների ու գլոբուսների:
«Դպրոցում, պատմության և աշխարհագրության ուսուցիչները մեզ սովորեցնում են ամեն ինչ, և շատ հիանալի, բայց քարտեզների ու գլոբուսների բացակայության դեպքում լիարժեք չէինք հասկանում: Հուսով եմ, այս ծրագիրը կօգնի մեր դպրոցի աշակերտներին ավելի լավ հասկանալ այդ առարկաները: Շնորհակալություն եմ հայտնում «Youth Bank»-ին մեզ այս հնարավորությունը ընձեռելու համար», – ծրագրի մասին տեսակետ հայտնեց Ռադիկ Եզոյանը:
Դպրոցի աշակերտները շատ ոգևորված են ու երախտապարտ նման ծրագրի իրականացման համար:
«Մինչ հիմա դպրոցում ունեինք մի քաղաքական քարտեզ, որով ամբողջովին չէինք պատկերացնում ու հասկանում դասը: Սա հնարավորություն է տալիս ավելի լավ սովորելու», – ասաց դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ասյա Գաբրիելյանը:
Պատմության ուսուցչուհի Ֆրիդա Սողոյանը դրական է գնահատում աշակերտների նման ծրագրերում ակտիվությունը, և որ այսուհետ ստիպված չեն լինի մաշված քարտեզներով դասարան մտնելու:
«Հին քարտեզների պատճարով մեր դասընթացները շատ վատ էին ընթանում, նույնիսկ ամաչում էինք այդ քարտեզները դասարան տանել: Աշակերտները հիասթափված էին, չէին ուզում սովորել: Իսկ հիմա արդեն որոշ չափով ձգտումներ, փոփոխություններ նկատվում են: Սա շատ լավ ծրագիր էր, և կուզենք, որ այսպիսի ծրագրերը շարունակական լինեն՝ ի օգուտ դպրոցին», – ասաց դպրոցի պատմության ուսուցչուհի Ֆրիդա Սողոյանը:
«Youth Bank»-ը մի կազմակերպություն է, որն ընտրում է երիտասարդների կողմից առաջարկած լավագույն ծրագրերը և ֆինանսավորում դրանք: Ծրագրերն առավելագույնը կարող են ունենալ մինչև 800 լարի ֆինանսավորում: Բացի դրանից, ծրագրի հեղինակները հնարավորություն են ստանում լինել ակտիվ քաղաքացիներ և վստահություն են ձեռք բերում սեփական ուժերի նկատմամբ:
Արթուր Մոսոյան