Այս փուլում Վրաստանի 2 085 հանրային և 217 մասնավոր դպրոցներից 672-ը անցել են ամբողջությամբ հեռավար ուսուցման: Այս մասին հայտնում է երկրի Կրթության և գիտության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով, հեռավար ձևաչափով ուսուցումը շարունակելու ցանկություն է հայտնել ռիսկային խմբում գտնվող 146 ուսուցիչ:

«Կորոնավիրուսի ներքին տարածումը կանխելու նպատակով դպրոցները գործում են առողջապահության հանձնարարականներին համապատասխան և առանձին դասարան կամ դպրոց անմիջապես անցնում է հեռավար ուսուցման: Հաշվի առնելով համաճարակաբանների առաջարկությունները, այս փուլում երկրի մասշտաբով 2 085 հանրային և 217 մասնավոր դպրոցներից ամբողջությամբ հեռակա ուսուցում է ընթանում 672 դպրոցներում: Ինչ վերաբերում է մանկավարժներին, ապա ռիսկային խմբում ընդգրկված 146 ուսուցիչներ ցանկություն են հայտնել հեռակա ուսուցում վարել:

Վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանի մասշտաբով կորոնավիրուսը հաստատվել է ուսուցիչների 5,8 տոկոսի և աշակերտների 2,1 տոկոսի մոտ: Ներկայում պատվաստվել է դպրոցների ուսուցիչների և վարչակազմի ներկայացուցիչների 73,6 տոկոսը», – ասված է տեղեկատվության մեջ: