Արդեն վեց ամիս է գործում է Բարալեթի Հասարակական կենտրոնը: Այստեղ աշխատում է 5 մարդ: Կենտրոնը ապահովում է 200 ծառայություն:
Ախալքալաք շրջանի Բարալեթ գյուղի Հասարակական կենտրոնը բացվել է 2016-ի նոյեմբերի 4-ին: Այն առաջինն էր Ախալքալաքում և 41-րդն ողջ Վրաստանում: Կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա էին Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, շրջանի և նահանգի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հասարակական կենտրոնի ծառայություններից օգտվում են ոչ միայն բարալեթցիները, այլև մոտակա բոլոր գյուղերի բնակիչները:
Մերենիա գյուղի բնակիչը իր փոքրիկ դստեր հետ Հասարակական կենտրոն էր եկել անձնագիր ստանալու համար:
«Ես շատ գոհ եմ: Այս վատ ճանապարհներով կարիք չկա ամեն անգամ մեկնել քաղաք և հետներս քաշ տալ երեխաներին: Այսօր եկել ենք անձնագիր ստանալու: Այստեղից ես միշտ ստանում եմ իմ ծնողների թոշակները»- ասաց նա:
Հիմնականում նույն կարծիքին են Բարալեթ գյուղի և մոտակա գյուղերի շատ բնակիչներ:
«Բոլոր ծառայությունները տեղում են՝ լույսը, գազը: Ամեն ինչ վճարում ենք այստեղից: Ես նույնիսկ իմ թբիլիսիի բնակարանի կոմունալ ծառայությունները վճարում եմ այստեղից»,- ասում է Միշա Գվարամաձեն:
Բնակիչները գոհ են Կենտրոնի ծառայություններից, բայց նրանցից շատերը նշեցին, որ ավելի լավ կլիներ, եթե կենտրոնում լիներ նաև նոտարական ծառայություն թարգմանչի հետ:
Բարալեթի Հասարակական կենտրոնում մարդիկ կարող են ստանալ ավելի քան 200 ծառայություններ 400-ից, որոնք առկա են խոշոր քաղաքների Արդարադատության տներում: Այդ թվում` պետական ծառայությունների զարգացման գործակալությունից, Հանրային ռեեստրի ազգային գործակալությունից, Վրաստանի ազգային արխիվից, Սոցիալական ծառայությունների սպասարկումից և ՍՊԸ «Մեխանիզատոր»-ից:
Վեց ամիսների ընթացքում Բարալեթի Հասարակական կենտրոնը տվել է 2186 տարբեր տեսակի ծառայություններ: Ամենապահանջված ծառայությունները բնակչության մեջ հետևյալն են՝ կենսաչափական անձնագիր ստանալը- 959, էլեկտրոնային նույնականացման քարտերը – 909 և ծննդյան վկայականները – 138:
Հասարակական կենտրոնում աշխատում է 5 մարդ՝ Պետական ծառայությունների զարգացման գործակալության 2 օպերատոր, «Լիբերթի Բանկի» 1 օպերատոր, «Մագթիքոմի» 1 օպերատոր և 1 հավաքարար:
Հասարակական կենտրոնում կան նաև համակարգիչներ և գրքեր, որոնցից մարդիկ կարող են օգտվել:
Շուշան Շիրինյան