Երեկ՝ հունիսի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի լիագումար նիստում պատգամավորները հաստատեցին օրակարգի բոլոր 4 հարցերը: Հարցերը վերաբերում էին բյուջեի փոփոխությանը, դիալիզով հիվանդների սոցիալական աջակցության չափի փոփոխություններին և ժամանակավոր օգտագործման համար հողատարածքների տրամադրմանը:

Բյուջեում կատարված փոփոխությունների շրջանակներում պատգամավորները հետ կանչեցին 28 000 լարին, որը հատկացրել էին աղբատար մեքենա գնելու համար: Գումարը, ըստ ֆինանսական ծառայության պետ Մկրտիչ Մղդեսյանի, կծախսվի այլ աշխատանքների վրա:

110 526 լարի հաստատվեց չորս ենթակառուցվածքային աշխատանքների համար, որոնք Տարածաշրջանային զարգացման հիմնադրամն իրականացնում է Ախալքալաքի մունիցիպալիտետում: Այս հիմնադրամի նախագծերում աշխատանքների արժեքի առնվազն 5% -ը վճարում է տեղական բյուջեն: Իրականացվելու են 2 210 526 լարի ընդհանուր արժեքով չորս ենթակառուցվածքային նախագիծ ( Խմելու ջրի համակարգի վերականգնումը Կարծախ, Սուլդա գյուղերում, Ախալքալաք-Դիլիսկա-Պտենա-Չունչխա ճանապարհի և Կարտիկամ-Կուլիկամ ճանապարհի ասֆալտապատումը):

Բացի այդ, կենտրոնական զբոսայգու վերականգնման համար, քաղաքապետարանը Սակրեբուլոյից խնդրում էր հատկացնել ևս 63 860 լարի, 40 860 լարի` զբոսայգու ասֆալտապատման և 23 000 լարի` լուսավորության համար: Փոփոխությունների այս կետը առաջացրեց որոշ պատգամավորների դժգոհությունը: Համլետ Մովսիսյանը նշեց, որ Տրկնա գյուղին լրացուցիչ 20 000 լարի չի հատկացվում բնակիչների ջրամատակարարման նախագիծն ավարտին հասցնելու համար, մինչդեռ լրացուցիչ բավականին մեծ գումարներ են հատկացվում զբոսայգու համար:

6963 լարի քաղաքապետարանը պահանջեց Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտի հանդերձարանը վերականգնելու համար:
10 000 լարի մարզահամալիրի համար՝ մարզիկների ճանապարհածախսը հոգալու նպատակով:

3000 լարի՝ «Վրացական մշակույթի օրեր. Մեստիա 2021» նախագծի համար, 705 լարի՝ շախմատի դպրոցի ջեռուցման համար, 2000֊ական լարի Ակումբների միավորման, Աշուղական դպրոցի և Գրադարանների միության ջեռուցման համար:

Ինչպես նաև 119 լարի հատկացվեց անցյալ տարվա ՕԳ ծրագրից մնացած գումարին ավելացնելու նպատակով, որը կօգտագործվի նոր աշխատանքների համար: Քանի որ պետությունը թույլ է տվել խնայված գումարը ծախսել մունիցիպալիտետի համար, որոշվեց այն ծախսել նախագծեր կազմելու վրա: Նախագծման աշխատանքները կազմում են 158 292. 30 լարի, նախորդ տարվա ՕԳԾ մնացորդային գումարն է 158 173,99 լարի:

Նիստի օրակարգի երկրորդ կետը դիալիզի բուժառուների համար միանվագ սոցիալական նպաստը 1500-ից 2000 լարի բարձրացնելու մասին էր:

Օրակարգի երրորդ հարցը վերաբերում էր տարածքների հատկացմանը: Քաղաքապետարանը խնդրեց հաստատել Մշակույթի տան շենքի մեկ սենյակը երկու տարով «Կարմիր խաչին» տրամադրումը:

Դե իսկ օրակարգի վերջին հարցը Գեղարվեստի դպրոցի մոտ գտնվող հողամասի (6.5 քառ / մ ) հատկացումն էր վարձակալական հիմունքներով, տնտեսական գործունեության համար, Ախալքալաքի բնակչին, մինչեւ 2023 թվականի հոկտեմբեր:

Այս բոլոր հարցերը հաստատվեցին պատգամավորների կողմից:

Օրակարգից դուրս պատգամավորները հարցեր ունեին Տրկնա գյուղում խմելու ջրի և գյուղերում չգործող ամբուլատորիաների վերաբերյալ: Jnews- ն այս խնդիրներին կանդրադառնա առանձին: