Քաղաքի օրվա տոնակատարության համար տեղական բյուջեից հատկացվել է 35 000 լարի։ Քաղաքի օրը նախատեսվում է նշել սեպտեմբերի 9-ին։ Այս տարի Ախալքալաքը կդառնա 959 տարեկան:

Ախալքալաքի օրն առաջին անգամ մունիցիպալիտետում նշվել է 2017թ.-ին: Դրանից հետո տոնը նշվում է ամեն տարի (բացառությամբ համավարակի տարիների): Այս տարի Ախալքալաքը տոնելու է իր 959-ամյակը։ Ավանդույթ է դարձել սեպտեմբերի առաջին տասնօրյակում նշել քաղաքի օրը, երբ շրջանում հացահատիկն արդեն հավաքած է և պատրաստվում են կարտոֆիլի բերքահավաքին։

Քաղաքի օրվա տոնակատարության համար տեղական բյուջեից հատկացվել է 35 000 լարի։ Կազմակերպման մրցույթն արդեն հայտարարված է։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 21-ն է։ Տոնը կանցկացվի Ախալքալաքի Խաս Բախչա կենտրոնական զբոսայգում, սեպտեմբերի 9-ին։

Մրցութային փաստաթղթերի համաձայն, տոնի համար նախատեսում է ձեռք բերել տարբեր դեկորացիաներ, այդ թվում՝ գունավոր լուսավորություն, Ախալքալաքի և Վրաստանի զինանշանի պատկերով դրոշներ, որոնք կզարդարեն այգին։ Փուչիկներ, այդ թվում՝ բրենդավորված, «Ախալքալաքի օր 2023» տպագրությամբ շապիկներ, օճառի փրփուրներ և այլն։ Փառատոնի ընթացքում բնակիչներին կզվարճացնեն թմբկահարները, շարժվող քանդակները, հեքիաթի հերոսները։ Այգում կլինի տպիչ սարք, որտեղ ցանկացողները կկարողանան տպել տեղում արված լուսանկարները։ Ելույթ կունենան մունիցիպալիտետի երաժշտական համույթները։

Նշենք, որ առաջին տոնակատարության ժամանակ տեղական բյուջեից հատկացվել էր 6000 լարի։ Անցյալ տարի հատկացվել էր 20 000 լարի։