
Ախալքալաքի մունիցիպալիտետի հողագործներն այս պահին գոհ են կարտոֆիլի իրացման գործընթացից, սակայն գոհ չեն ցածր գներից։ Սակայն ասում են, որ այս տարի կարտոֆիլի ցածր գինը փոխհատուցվում է առատ բերքով: Կարտոֆիլի 1 կգ-ի գինը մունիցիպալիտետում տատանվում է 40-65 թեթրիի սահմաններում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքի հետ կապված դժվարություններն ետևում են, հաղթահարված են նաև մունիցիպալիտետի գլխավոր բանջարեղենի տեսակավորման և պահեստավորման հետ կապված բարդությունները։ Իրացման գործընթացը ներկայումս բուռն ընթացքի մեջ է։ Այս տարի իրացման հետ կապված խնդիրներ դեռ չկան։ Ախալքալաքի կարտոֆիլի հիմնական գնորդները Ադրբեջանցի և Ռուսաստանցի վերավաճառողներն են, սակայն կան նաև ուրիշներ։ Ամեն օր մունիցիպալիտետից խոշոր բեռնատարները հազարավոր տոննա կարտոֆիլ են տեղափոխում Ադրբեջան, Ռուսաստան, Ուկրաինա…
2024 գյուղատնտեսական տարում Ախալքալաքի մունիցիպալիտետն ունեցել է կարտոֆիլի աննախադեպ բերք: Մունիցիպալիտետի բերքատվության պաշտոնական տվյալները դեռ չեն հավաքագրվել, սակայն ֆերմերներն ասում են, որ 2024 թվականին կարտոֆիլի բերքատվությունն առնվազն երկու անգամ ավելի բարձր է, քան 2023 թվականին։
Մունիցիպալիտետում կարտոֆիլի և աճեցվող այլ մշակաբույսերի բերքատվության պաշտոնական վիճակագրությունը հավաքագրում է Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի խորհրդատեղեկատվական կենտրոնը, որը դեռ չի ամփոփել տվյալները։
Ըստ ֆերմերների, արդեն երեք ամիս է մունիցիպալիտետից կարտոֆիլի իրացման գործընթացը շարունակվում է կայուն, սակայն ֆերմերների պահեստներում դեռ շատ կարտոֆիլ է մնում։
Ազավրեթ գյուղից Բագրատ Զաքարյանն ասում է, որ օրական 6-7 բեռնատար կարտոֆիլ է գյուղից դուրս բերվում:
«Մեր գյուղում գրեթե ամբողջ կարտոֆիլը վաճառվել է, գինը 50-55 թեթրի է: Գինը գոհացուցիչ չէ, բայց իրացման հետ կապված խնդիրներ չկան: 50 թեթրին ծածկում է ծախսերը, քանի որ ոռոգման համար մենք չենք վճարել, չենք վճարել նաև վիտամինների համար, իսկ բերքը կրկնակի է ստացվել, եթե անցած տարի 1 հա-ից ստացել ենք 20 տոննա, ապա այս տարի բերքատվությունը կազմել է 40 տոննա: Բանվորներն այս տարի թանկ են վարձատրվել, բայց գլխավորն այն է, որ կա պահանջարկ ու իրացման շուկա։ Գյուղում բերքի 70 տոկոսն արդեն վաճառվել է։ Օրական 100 տոննա կարտոֆիլ է գյուղից դուրս բերվում»,- ասում է Բագրատ Զաքարյանը։
Դիլիսկա գյուղից Արշակ Գոգորյանն էլ պնդում է, որ իրացման հետ կապված խնդիրներ չկան, սակայն գինը ցածր է: Նրա խոսքով, գյուղում ֆերմերները վաճառել են այնքան, որքան բավարարել է միայն բանվորների պարտքերը մարելու համար, և իրենք սպասում են թանկացման։
«Գինը ցածր է, մի մասը ծախել եմ, բանվորներին պարտքեր ունեի, հիմա սպասում եմ, հուսով եմ գոնե մի քիչ կթանկանա: Անկեղծ ասած, չգիտեմ էլ ճիշտ եմ անում, թե ոչ, հիմնվելով անցյալի փորձի վրա։ Մեր գյուղում մյուս կարտոֆիլագործներն էլ են այդպես վարվում, այնքանն են վաճառել, որ պարտքերը փակեն, մնացածը թողել են գարնանը, թանկացումների հույսով։ Մենք ռիսկի ենք դիմում, հույսով ապրում»,- ասում է Արշակ Գոգորյանը։
Ֆերմերի խոսքով, Դիլիսկա գյուղում դեռ կարտոֆիլը շատ է։
Կարտոֆիլի գնորդները չեն գնում մունիցիպալիտետի կենտրոնից հեռու գտնվող գյուղեր, այդ հեռավոր գյուղերից ֆերմերներն իրենք են տեղափոխում կարտոֆիլը մեծ քաղաքներ կամ գնորդներ են գտնում այլ գյուղերում և իրենք էլ տեղափոխում այնտեղ։
Կարտոֆիլ վերավաճառողների մեծ բեռնատարները կանգ են առնում կենտրոնական ճանապարհին գտնվող գյուղերում՝ Բարալեթ, Կորխ և այլն, վաճառողներն արդեն գիտեն, գնում, պայմանավորվում են նրանց հետ։ Իսկ որոշ գյուղերում ինքնակազմակերպվել են տեղական վերավաճառողներ, ովքեր կազմակերպում են կարտոֆիլի վաճառքը։
Մեծ Սամսար գյուղից Նասլետ Հովհաննիսյանն ասում է, որ Մեծ Սամսար և Փոքր Սամսար գյուղերի կարտոֆիլը վերավաճառքի համար գնում է Փոքր Սամսարի բնակիչը։
«Մեկ մարդ կա, ով առնում է 45-50 թեթրիով: Մարդիկ բերքի մի մասը վաճառում են, մնացածն, առայժմ, թողնում են»,- ասում է նա։
Ինչպես երևում է տարբեր գյուղերի ֆերմերների հետ մեր զրույցներից, իրացման հետ կապված խնդիրներ չկան, սակայն որոշ գյուղերում կարտոֆիլն այլևս չեն վաճառում՝ գների բարձրացման ակնկալիքով, ինչպես դա կազդի պահանջարկի վրա, այն կշարունակի բարձր մնալ նաև գարնանը, այս հարցերը հստակ պատասխաններ չունեն։