Այսօր՝ օգոստոսի 14-ին, Խաս Բախչա քաղաքային զբոսայգում ծառերից կտրվել են չորացած և պոտենցիալ վտանգ ներկայացնող ճյուղերը։
Վաղ առավոտյան Խաս Բախչա զբոսայգում Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցներն աշատանքներ են սկել այգին չորացած ու վտանգավոր ճյուղերից մաքրելու ուղղությամբ։
Այս միջոցառումներն արդիական են դարձել վերջերս Մաշտոցի փողոցում տապալված ծառից հետո, որը վնասել էր փողոցում կայանած ավտոմեքենան։ Հարցին, թե ինչու նախկինում այդ միջոցառումները չէին ձեռնարկվում, Սպասարկման կենտրոնի պետ Մխիթար Ռստակյանն ասաց, որ մինչ այդ տեխնիկական հնարավորություն չկար:
«Այս աշխատանքները վաղուց պետք է կատարվեին: Մենք մեքենայի հետ կապված խնդիր ունեինք, կոմպակտ մեքենա չունենք, մերը շատ մեծ է, կարող էր վնասել սալահատակը, Սամվել Մանուկյանն է կազմակերպել, որ մեքենան բերեն, նա զանգել է Նինոծմինդայի քաղաքապետին, այնտեղից հատուկ մեքենա են ուղարել: Զբոսայգու բոլոր փտած ու չորացած ճյուղերը հատման են ենթակա: Ինչ վերաբերում է քաղաքում մյուս հատվածներին, դեռ չգիտենք, կամ տենդերի կհանենք, կամ ինքներս կկտրենք»,- ասաց նա:
Մունիցիպալ իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն ծառահատում են իրականացնում ամբողջ քաղաքում, սակայն նոր տնկիները միշտ չէ, որ վերականգնվում են, իսկ ակտիվ ծառատունկ չի նկատվում։
«Ինչ վերաբերում է ծառատունկին, ապա այս տարի շատ ծառեր ենք տնկել: Ամեն տարի տնկում ենք, իսկ այս տարի, եթե ստացվի, նորից կտնկենք: Այս պահին միջոցներ չունենք տնկիներ ձեռք բերելու համար: Այն, ինչ նախատեսված էր, արդեն գնվել է, բայց երբ հնարավորություն լինի, բնակիչների առաջարկների համաձայն կկարողանանք նոր ծառեր տնկել»,- ասաց Մխիթար Ռստակյանը։