Երկրորդ օրն է, Ախալքալաքի կենտրոնական մասը սկզբում առանց էլեկտրաէներգիայի էր, իսկ էլեկտրականությունը միացնելուց հետո, ոչ մի սարքավորում չէր աշխատում, ներառյալ ջեռուցման համակարգերը: Բարձր լարման մալուխը կրկին վնասվել է նույն փողոցում, որտեղ այն բազում անգամներ պոկվել էր ձմռան ամիսներին:
Ձմեռը Ախալքալաքում սկսվեց էլեկտրական գծի վթարով: Զրոյից ցածր եղանակային պայմաններում բնակիչները մնացին ոչ միայն առանց էլեկտրաէներգիայի, այլ նաև առանց ջեռուցման, քանի որ ջեռուցման համակարգերը գործում են բնական գազի և էլեկտրաէներգիայի առկայության դեպքում: Եվ Ախալքալաքի շրջանում բնակիչների դժգոհության մակարդակը դժվար չէ պատկերացնել էլեկտրաէներգիա մատակարարող Energo Pro Georgia մենաշնորհային ընկերության իրականացրած աշխատանքից:
Ախալքալաքի էներգետիկ ենթակառուցվածքը հիմնականում հին է խորհրդային տարիներից, ուստի հաճախ են տեղի ունենում վթարներ, հատկապես ձմռանը:
Այս անգամ վթարը տեղի է ունեցել Ախալքալաք քաղաքի կենտրոնում: Լույսն անջատվեց նոյեմբերի 22-ին, ժամը 22:00-ից հետո: Էներգետիկ բաշխման ընկերությունում երեկ ասացին, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի 1,5 ժամվա ընթացքում: Ճիշտ է լույսը հետագայում միացրեցին, սակայն միացրեցին ցածր լարման էլեկտրաէներգիան, ինչը նշանակում է, որ ոչ մի տեխնիկա պարզապես չէր կարող աշխատել: Այս վիճակը կշարունակվի մինչև վթարն ամբողջովին չվերացվի: Ինչպես ավելի ուշ պարզվեց, ավելի շատ ժամանակ է հարկավոր այն վերացնելու համար, քան ենթադրվում էր: Ըստ Energo Pro Georgia-ի աշխատակիցների տեղեկությունների, այսօր արդեն փորձ է արվում վերացնել վթարը մինչև երեկո:
Պետք է նշել, որ քաղաքի այս հատվածում ձմեռային սեզոնին լարման և տրանսֆորմատորի աշխատելու խնդիրը գրեթե միշտ արդիական է: Եվ գրեթե միշտ խնդիրները ի հայտ են գալիս նույն տեղում, Մյասնիկյան փողոցում, ճանապարհի այս հատվածում, որտեղ բարձր լարման մալուխն է տեղակայված, չեն հասցնում ասֆալտապատել, քանի որ ստիպված են լինում ասֆալտը կրկին քանդել որովհետև կրկին վթար է տեղի ունենում: Ասֆալտը կրկին քանդում են: Անցյալ տարի, կրկին նույն տեղում, տեղի էր ունեցել վթար, ընկերությունը փոխեց մալուխը միայն մի փոքրիկ հատվածում, այս անգամ վթարը տեղի ունեցավ մոտակայքում:
Ամեն անգամ Մյասնիկյան փողոցի բնակիչները իրենց դժգոհությունն են հայտնում, քանի որ յուրաքանչյուր վթարի հետևանքով նրանք պետք է ամիսներ շարունակ խնդրեն, որ տարածքը որտեղ քանդում են ասֆալտը մալուխը փոխելուց հետո ասֆալտապատվի: Վերջին անգամ ասֆալտապատվել էր 2017 թ. սեպտեմբերին, խոշոր վթարից 5 ամիս անց, որը 2017 թ. ապրիլին առանց էլեկտրաէներգիայի թողեց ամբողջ քաղաքը մի քանի օր շարունակ:
«Ամեն տարի նույն բանն է: Քանդում են ասֆալտը, թողնում աղբը և հեռանում: Այսօր, ես թույլ չտվեցի քանդել, մինչ ղեկավարությունը չգա: Եվ հետո, նրանց աշխատելուց հետո պետք է լինում կռվել բոլորի հետ, փոսերը լցնելու և աղբը հավաքելու համար: Թող նորմալ աշխատեն, որ հետո խնդիրներ ի հայտ չգան էլեկտրաէներգիայի հետ: Մենք առաջարկել ենք բարձր լարման մալուխը անցկացնել պատի միջով, դա մասնավոր սեփականություն է, բայց մարդիկ այդ ժամանակ համաձայն էին, որ այդպես անեն, որպեսզի ամեն անգամ ճանապարհը չքանդեն: Նրանք նույն տեղում կարող էին թաղել մալուխը, այնտեղ հողատարածք է, ոչ թե ասֆալտ»,- ասում է Մյասնիկյան փողոցի բնակիչ Վարդան Չոլախյանը:
Ինչպես միշտ ստացվեց, որ Ախալքալաքը պատրաստ չէ ձմռանը, ինչը առաջացնում է բնակիչների արդարացի դժգոհությունը:
Քրիստինե Մարաբյան