Ջավախքում սկսվել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները: Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքամերձ գյուղերում արդեն սկսել են ցանել հացահատիկային կուլտուրաները, իսկ հեռավոր բարձրալեռ գյուղերում դեռ պատրաստվում են ցանքսին։
Հացահատիկային ցանքատարածությունների մասին դեռ տվյալներ չկան։ Բայց Ախալքալաքի տեղեկախորհրդատվական կենտրոնի վերջին տարիների վիճակագրության հիման վրա հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման միտում է նկատվում։
Քաղաքին մոտ՝ Չամդուրա, Վաչիան, Դիլիսկա, Կիրովական գյուղերում հացահատիկի ցանքսի գործընթացն արդեն ընթացքի մեջ է։
Կիրովական գյուղից ֆերմեր Եղիշ Աղաջանյանը գարի է ցանում: Այս տարի նա կրճատել է հացահատիկի ցանքատարածությունները և կարծում է, որ ճիշտ է վարվել։
Դիլիսկա գյուղից Վարազդատ Սալվարյանը, ընդհակառակը, ասում է, որ իրենց գյուղում հացահատիկի ցանքատարածությունների աճ է նկատում: Դիլիսկայում ըստ նրա, հացահատիկի ցանքսը կավարտվի 2-3 օրից։
«Մեր գյուղում գարու ցանքը շատացել է, դրան նպաստել է այն, որ մարդիկ դեռ կարտոֆիլը չեն վաճառել: Ահա, մարդիկ վերջին պահին որոշեցին շատ գարի ցանել, չնայած անցյալ տարի Ռուսաստանից շատ հացահատիկ էր ներմուծվել Վրաստան, բայց, միևնույն է, շատերը որոշել են հացահատիկի ցանքատարածություններն ավելացնել»,- ասաց Վարազդատ Սալվարյանը։
Համեմատաբար հեռավոր և լեռնային գյուղերում ցանքը դեռ չի սկսվել, այնտեղ դեռ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Մարդիկ իրենց արտերը մաքրում են ձմռան աղտոտվածությունից, պատրաստում հողը։
Բուղաշեն գյուղից Արտյոմն ասում է, որ նրանք մի փոքր ուշ են սկսում, քան քաղաքին մոտ գտնվող գյուղերը։
«Մեր մոտ հողը դեռ խոնավ է, բայց այստեղ ավելի շատ ցորեն են ցանում, քան գարի: Մեր ցորենի բերքն ավելի լավն է ստացվում»,- ասում է Արտյոմը:
Նույն գյուղից Օֆելյա Ափոզյանը ցանքատարածությունները մաքրում է աղբից: Նրա խոսքով, դեռ տրակտորը չի կարողանում աշխատել դաշտում, հողը խոնավ է։
«Ընդհանուր առմամբ, ես 18-20 հար հացահատիկ եմ ցանում, մեզ հատկացված հողերն այնպես էլ քիչ են: Բայց ավելի շատ ցորեն եմ ցանում, ավելի ձեռնտու է, ցորենի բերքն ավելի լավ է»,- ասում է Օֆելյա Ափոզյանը։
Վրաստանի գյուղատնտեսական Ախալքալաքի տեղեկախորհրդատվական կենտրոնի վիճակագրության համաձայն, 2022 թվականին ցանվել է 3037 հա ցորեն և 7003 հա գարի, իսկ 2021 թվականին՝ 853 հա ցորեն, 7381 հա գարի։