Քարսեպ գյուղը գազիֆիկացված չէ։ Ձմռան սեզոնին բնակիչները ստիպված են տները տաքացնելու համար փայտ, քարածուխ կամ գոմաղբ վառել, ինչը դժվարություններ է առաջացնում գյուղացիների համար։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Քարսեպ, Հոկամ, Ազմանա, Ափնիա, Գոգաշեն գյուղերը գտնվում են նույն ճանապարհային ուղու վրա և մինչ օրս գազիֆիկացված չեն:

Ախալքալաքի Քարսեպ գյուղը շրջկենտրոնից 22 կմ հեռավորության վրա է գտնվում։ Տարիներ շարունակ մարդիկ այս գյուղում բախվում են նույն խնդրին։

«Տները տաքացնելու համար հիմնականում օգտագործում ենք վառելափայտ, որի մեկ շարքի համար վճարում ենք 600 լարի: Միջին հաշվով գյուղացուն անհրաժեշտ է 4 շարք փայտ, որ կարողանա նորմալ տաքացնի տունը: Մեր գյուղը դատարկվում է, և հիմնական պատճառներից մեկը գազ չունենալն է», – ասում է Քարսեպ գյուղի բնակիչ Արմեն Սահարյանը։

Եթե 10 տարի առաջ Քարսեպ գյուղում ապրում էր 40 ընտանիք, ապա այսօր ընդամենը 17 ընտանիք։ Գյուղը տարեց տարի դատարկվում է։

qaracux

Գյուղացիները փայտ են վառում, գոմաղբ, պլաստիկե տարաներ և այն ամենն ինչը հնարավոր է այրել: Սնունդ պատրաստելու համար օգտագործում են գազի բալոններ, ինչը կապված է հավելյալ ծախսերի հետ։

«Ապրելով 21-րդ երրորդ դարում չունեք տարրական պայմաններ ապրելու համար։ Մենք շատ բան չենք ուզում, պարզապես ուզում ենք նորմալ ապրել։ Բնական գազը մնացած վառելիքներից ամենաէժանն է։ Գազի բացակայությունը լուրջ խնդիրներ է առաջացնում բնակիչներս համար։ Նախ փայտ ենք գնում, ջարդում ենք ու ամբողջ ձմեռ վառարանին ենք նայում, կարելի է ասել, որ ամբողջ տարին գործ ունենք», – ասում է Քարսեպի բնակիչ Մխիթար Տիտոյանը:

Գյուղի բնակիչները պատեհ ու անպատեհ առիթներով, բազմիցս դիմել են պատկան մարմիններին Քարսեպը բնական գազով ապահովելու խնդրանքով, սակայն՝ ապարդյուն։

Ընդգծենք, որ Վրաստանի գազափոխադրող GGTC ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2025-2026 թթ. Ախալքալաքի մունիցիպալիտետում գազիֆիկացվելու է 6 գյուղ, որոնց թվում Քարսեպը և հաևան գյուղերը ներառված չեն։