Ախալքալաքի մունիցիպալիտետում անասնաբույժների պակաս կա: Երիտասարդները չեն ընտրում անասնաբույժի մասնագիտությունը: Սամցխե-Ջավախքի համալսարանի Ախալքալաքի մասնաշենքում, ամենայն հավանականությամբ, հաջորդ ուսումնական տարում կբացվի անասնաբուժության մասնագիտական ծրագիր։
Ախալքալաքի մունիցիպալիտետում զբաղվում են անասնապահությամբ, բայց ամբողջ շրջանում ընդամենը մի քանի անասնաբույժ կա, նրանք էլ արդեն տարիքով են։
Այսօր երիտասարդները դժկամությամբ են ընտրում անասնաբույժի մասնագիտությունը։
Նարինե Զաքարյանն Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի ուսանող է, սովորում է տուրիզմի ֆակուլտետում։ Նա չի սիրում բժշկի մասնագիտությունը և հետևաբար չէր ցանկանում անասնաբույժ դառնալ։
«Ես կարծում եմ, որ բոլոր մասնագիտություններն էլ լավն են, պետք է միայն սիրել դրանք: Ես ունեի մի ընկերուհի, ով ուզում էր դառնալ անասնաբույժ, հետո երբ մեկնեց Թբիլիսի, դե մենք լեզվի խնդիր ունենք, նա զգաց, որ դժվար կլինի տերմինաբանությունը սովորել և մտափոխվեց, նա ընդունվեց պատմության ֆակուլտետ: Մեր դասարանում ևս մի տղա կար, նա նույնպես դպրոցի ընթացքում ուզում էր անասնաբույժ դառնալ, բայց հետո նա նույնպես չընտրեց այս մասնագիտությունը, ընտանիքի հետ մեկնեց Ռուսաստան»,- ասում է Նարինե Զաքարյանը։
Փոքր Սամսար գյուղից Անդրանիկ Պետրոսյանն այս տարի ավարտում է դպրոցը: Նա ցանկանում է ընդունվել միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:
«Անասնաբուժությունը նորմալ մասնագիտություն է, բայց այն իմ սրտով չէ, ես չեմ սիրում»,- ասում է Անդրանիկը։
Օրջա գյուղից Վեներա Նիկողոսյանը ցանկանում է բիզնես օպերատոր դառնալ և կարծում է, որ գյուղաբնակ երիտասարդները ցանկանում են հեռու մնալ առօրեա հոգսերից։
«Սա լուրջ գործ է, մարդը պետք է սիրի կենդանիներին, և հետո, գյուղաբնակ երիտասարդությունը ցանկանում է ընտրել հեղինակավոր մասնագիտություններ»,- ասում է Վեներա Նիկողոսյանը։
Սամցխե-Ջավախքի համալսարանի Ախալքալաքի մասնաշենքը պատրաստվում է անասնաբույժների մասնագիտական վերապատրաստման ծրագրի բացմանը։ Դեռևս ընթանում է շենքի և լաբորատորիայի նախապատրաստումը։
«Անասնաբուժությունն այն ծրագիրն է, որին անպայման հարկավոր է հատուկ լաբորատորիա: Մենք չենք կարող բացվել, քանի դեռ շենքը պատրաստ չէ: Դրանից հետո կհայտարարենք արդեն ընդունելությունը: Այն ծրագրերի պարագայում, որոնք առանց լաբորատորիայի կարող էին անցկացվել, անցյալ տարի հայտարարել էինք ընդունելություն, մենք ունենք նյութական բազա: Ընդհանուր առմամբ նախորդ տարի մրցույթ ենք ունեցել բոլոր ծրագրերի համար»,- ասաց Սամցխե-Ջավախքի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն։
Սամցխե-Ջավախքի համալսարանի Ախալցիխեի մասնաշենքում գործում է անասնաբույժների վերապատրաստման հնգամյա ծրագիր, այն միակն է Վրաստանում։ Այնտեղ կարելի է ընդունվել նաև «1 + 4» ծրագրով, բայց ցավոք, Ախալքալաքից այնտեղ ոչ ոք չի սովորում։
Մակա Բերիձեի խոսքով, եթե շենքի նախապատրաստումն ավարտվի այս տարվա սեպտեմբերին, ինչպես խոստացել են շինարարները, ապա նրանք անմիջապես կսկսեն Ախալքալաքում ծրագրի արտոնագրումը, իսկ հաջորդ տարի կսկսեն անասնաբույժների մասնագիտական վերապատրաստումը։
Մակա Բերիձեն հակված է կարծել, որ երիտասարդները չեն ընտրում անասնաբույժի մասնագիտությունը, քանի որ վստահ չեն, որ այս մասնագիտությամբ կկարողանան աշխատանք գտնել։
«Քանի որ երիտասարդները չեն հավատում, որ աշխատանք կգտնեն, սա համարվում է սպեցիֆիկ մասնագիտություն: Բացի այդ, ցանկությունը քիչ է, պետք է սիրել մասնագիտությունը, պետք են լրացուցիչ հմտություններ: Ավելի շատ գովազդ, հանրահռչակում է պետք: Ցավոք սրտի, Ախալքալաքում դեռ չունեմ այս ծրագիրը, երբ կլինի, այդ ժամանակ պետք է հատ առ հատ գնալ բոլոր դպրոցները, և ամենակարևորը ծնողների հետ աշխատել, նրանց հետ էլ խոսել»,- ասում է Մակա Բերիձեն։
Երիտասարդ անասնաբույժ, Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գյուղական զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջատար մասնագետ Արման Հարությունյանն ասում է, որ երիտասարդները կարծում են, որ անասնաբույժի մասնագիտությունն այնքան էլ եկամտաբեր և պատվաբեր չէ։ Դրա համար էլ այլ մասնագիտություններ են ընտրում։ Բայց հետո ավելացնում է.
«Եթե լավ PR անել, կարծում եմ, անասնաբույժի մասնագիտությանը տիրապետել ցանկացողներ կլինեն»,- ասում է Արման Հարությունյանը։
Դե իսկ այդ ընթացքում գոյություն ունեցող սակավաթիվ անասնաբույժները ծերանում են, իսկ նոր կադրեր դեռ չեն վերապատրաստվում: