Զանգվածային թունավորման դեպքերից հետո Մեծ Արագյալ գյուղում բնակիչները ջուրը խմում են բացառապես եռացնելուց հետո կամ հարևան գյուղից են բերում: Ջրից նմուշ էր ուղարկվել փորձաքննության, արդյունքում պարզվել է, որ ջուրը խմելու համար պիտանի չէ:
63 տարեկան Լևոն Դալիբալթյանը ստիպված ամեն օր ոտքով 2կմ ճանապարհ է անցնում և հասնում հարևան՝ Փոքր Արագյալ գյուղ, որ խմելու ջուր բերի։
«Պետք է պետական վերահսկողություն լինի, դա որ լինի, գործը շուտ առաջ կգնա, խոսք տվեցին, որ խողովակները կփոխեն, բայց ու՞ր է, ասում են պետք է տենդերը լինի, բայց ժողովուրդը ինչքան պետք է առանց ջրի մնա»։
Գրեթե մեկ ամիս առաջ գյուղում չի եղել մի ընտանիք, որտեղ թունավորման դեպք չի գրանցվել:
Գյուղի բուժքույր Կարինե Թազարյանն ասում է, որ 31 տարի է աշխատում է, այսպիսի դեպքի առաջին անգամ է ականատես լինում:
«Արթուրը (խմբ. գյուղի բնակիչ) վատացավ, մենք որոշեցինք, որ թունավորվել է սնկից, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ ջրից է։ Հետո կանչեցին երկրորդ հիվանդի մոտ, հղի կին էր, սրտխառնոց, փսխոց, թուլություն ուներ, ծիրան էր կերել, մտածեցինք դրանից է, կաթիլային միացրինք: Հետո մեր հարևանը և այդպես հերթով զանգվածային բնույթ ստացավ: Մարդիկ թույլ էին զգում, բոլորը միանման ախտանիշներ ունեին։ Իրավիճակն ահավոր էր»,- պատմում է բուժքույրը:
Ինչպես ինքն է նշում՝ տնից տուն է անցել, կեսին ուղարկել է հիվանդանոց, կեսին էլ ինքն է տանը կաթիլային միացրել։ Նինոծմինդայի հասարակական առողջապահության կենտրոն 400 հոգու ցուցակ է ներկայացրել, չնայած դրանից հետո նորից են դեպքեր գրանցվել, իսկ Մեծ Արագյալ գյուղը մոտավոր 600 բնակիչ ունի:
Գյուղի բնակիչները կարծում են, որ ջրի աղտոտվածության պատճառը կոյուղաջրերն ու թունաքիմիկատներն են: Բանն այն է, որ հարևան՝ Փոքր Արագյալ գյուղի կոյուղաջրերը լցվում են այն գետի մեջ, որտեղով անցնում են Մեծ Արագյալի ջրատար խողովակները:
Արագյալցիները նաև նշում են, այդ ժամանակահատվածում թունաքիմիկատներով դաշտերն են դեղել, որից անմիջապես հետո ուժեղ կարկուտ ու անձրև է տեղացել, հեղեվել է գյուղը, և ըստ բնակիչների ամեն ինչ սրբել լցրել է գետը, ինչն էլ լցվել է արդեն ցանց դարձած ջրատար խողովակներ:
«Մեր խմելու ջուրը բերում ենք հենց սարի տակից հոսող ջրից, իսկ այդ ավազանի ջուրը օգտագործում ենք կենցաղում: Քանի որ հենց գետնի տակից է հոսում, կարծում եմ, որ մաքուր կլինի։ Փոքր Արագյալի կոյուղագիծը կապած է այդ գետի մեջ, մեր խողովակն էլ, որը անցնում է գետի միջով 400 մետր է ու արդեն մաշվել է, ցանց է դարձել, պետք է փոխել», – ասում է Մեծ Արագյալ գյուղի բնակիչ Հարություն Եղոյանը։
Հիմա նրան թոռնիկներն են օգնում ջուրը կրելու հարցում, բայց պապիկը մտահոգ է՝ շուտով արձակուրդը կվերջանա, թոռնիկները կվերադառնան Հայաստան, ո՞վ է ջուր կրելու:
«Հիմա մեզ ասում են անպայման եռացրեք ջուրը հետո նոր խմեք, բայց կան մարդիկ, ովքեր ի վիճակի չեն բնական գազի համար վճարել, չեն կաորղ ջուրը եռացնել: Կամ ինչ անեն այն ընտանիքները, որտեղ 4-5 երեխա կա», – ավելացնում է Հարույթյուն պապիկը։
Չնայած ծորակից հոսող ջուրը պղտոր չէ, սակայն օգտագործման ենթակա չէ:
«Մենք հիմա այդ ջուրը չենք օգտագործում, տարբեր տեղերից ենք բերում, ով որ գյուղից կարողանում է, իսկ ով մեքենա չունի նրանց համար շատ բարդ է», – ասում է Կարինե Թազարյանը։
Նինոծմինդայի հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանն ասում է.
«Հետազոտության արդյունքները հայտնի են, խորհուրդ չեն տալիս ջուրն օգտագործել խմելու համար։ Ջուրը կեղտոտված է եղել։ Կարող են կենցաղում օգտագործել, լվացքի կամ այլ նպատակով։ Խմել կարելի է միայն եռացնելուց հետո»:
Մեծ Արագյալ գյուղի մասնագետն ասում է՝ այնպես չէ, որ իրենց գյուղի ջուրը միշտ իդեալական մաքուր է եղել:
«Հիմա ջուրն օգտագործում ենք եռացրած, չնայած կան մարդիկ, ովքեր սովորականի նման շարունակում են օգտագործել։ Այնպես չէ, որ առաջ էլ 100 տոկոսանոց մաքուր էր մեր գյուղի ջուրը: Պարզեցինք, որ ջրատար խողովակների մի մասը վնասված էր, այդ հատվածը փոխելու համար արդեն էլեկտրոնային մրցույթ ենք հայտարարել, որպեսզի փոխենք խողովակները», – նշում է գյուղի մասնագետ Արման Աղջոյանը:
Բնակիչները հույս չունեն, որ մոտ ժամանակներս կունենան նոր ջրագիծ և խմելու անվտանգ ջուր։ Ասում են՝ իրենց օրգանիզմն արդեն հարմարվել է միկրոբներին:
Այս թեմայով կարդացեք նաև՝
Մեծ Արագյալում զանգվածային թունավորում է գրանցվել
Մեծ Արագյալի բնակիչների զանգվածային թունավորման պատճառը դեռ հայտնի չէ