Հուլիսի 26-ին, ժամը 16:10-ի սահմաններում, Ախալքալաքի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում կարկուտ է տեղացել, զգալի վնաս է հասցվել ինչպես մարդկանց տներին, այնպես էլ հացահատիկի և կարտոֆիլի ցանքատարածություններին ու դաշտերին:
Հսկայական կարկտաքարերը տեղացել են Դադեշ, Սուլդա, Մուրջախեթ, Խոսպիո և այլ գյուղերում։
Մուրջախեթում, ըստ տեղի բնակիչների, վնասը մեծ չի եղել՝ ի տարբերություն Դադեշ և Սուլդա գյուղերի։
«Վնասը շատ մեծ է, սովորաբար կարկուտը հարվածում է կոնկրետ ուղղությամբ, բայց այս անգամ շատ մեծ տարածքներ է ներառել: 650 հեկտարից մոտ 500 հեկտար ցանքատարածությունը ոչնչացվել է, գյուղացիների մոտ 2 տոկոսն ունի հողի ապահովագրություն: Գիտեմ, որ նրանք ցանկացել են դիմել տեղական իշխանություններին, բայց պատգամավորն ասել է, որ նման դեպքերում սովորաբար օգնություն չի լինում: Միայն եթե ինչ-որ մեկի տանիքը վնասվել է: Շատերի շիֆերները կոտրվել են, կարկտաքարերը 4-5 սմ տրամագծով են եղել»,- ասում է Սուլդա գյուղից Մեցո Ափոյանը։
Խոսպիո գյուղի մոտ կարկտահարվել է ֆերմեր Հովիկ Մուրադյանի դաշտը: Նրա խոսքով, վնաս է հասցվել ինչպես հացահատիկի, այնպես էլ կարտոֆիլի դաշտերին։
«Կարկուտից 10 հա-ից ավելի բերք է վնասվել: Սա առաջին անգամը չէ, որ կարկուտը վնաս է հասցնում, այս տարի բերքը էլի էր վնասվել, հազիվ էինք վերականգնել, բայց մենք ունենք ապահովագրություն, որը շատ է օգնում խնդրի լուծմանը: Ապահովագրական ընկերությունն արդեն ծանուցվել է»,- ասում է Հովիկ Մուրադյանը։
Դադեշ գյուղում նույնպես ծանր վիճակ է, այստեղ չեն կարծում, որ կկարողանան ինչ-որ կերպ վերականգնել բերքը։
«Վնասը բավականին մեծ է: Այնտեղ, որտեղ կարկուտը հարվածել է, կարտոֆիլը գործնականում ոչնչացվել է: Կարտոֆիլի ցողունից բան չի մնացել, նաև գարին է հողին հավասարվել: Հավանականությունը, որ կվերականգնվի, չնչին է: Ասում են՝ միեւնույն է ինչքան էլ ջրես, պարարտացնես, էլ չի վերականգնվելու: Հետո դա նաև մեծ գումարների հետ է կապված, ում էլ դիմենք, մենք ոչ մեկից էլ օգնություն չենք ակնկալում, իսկ ապահովագրություն քչերն ունեն, 10-ից միայն 1-ն է ապահովագրել իր բերքը»,- ասում է Դադեշ գյուղից Է. Մովսիսյանը։
Քաղաքապետարանը չի կարող օգնել բերքի վնասման դեպքում, քանի որ գյուղատնտեսական ապահովագրության պետական սուբսիդիաները ուղղված են հատկապես նման իրավիճակներում ֆերմերներին օգնելուն, ուստի տեղական իշխանությունները չեն կարող գումար հատկացնել գյուղատնտեսական հողերի վնասը փոխհատուցելու համար: Սակայն հարկ է նշել, որ Ախալքալաքում գյուղատնտեսության ապահովագրությունն այդպես էլ կիրառելի չդարձավ, չնայած այն հանգամանքին, որ տարեցտարի տարերքների պատճառով բազմաթիվ ֆերմերներ մեծ վնասներ են կրում։
Ախալքալաքի քաղաքապետարանին դիմել են միայն Դադեշ գյուղից՝ կարկտից վնասված տանիքի հարցով, որի վնասը քաղաքապետարանը, հանձնաժողովի ստուգայցից հետո, հնարավոր է փոխհատուցի։