Հասարակություն 11 Օգոստոսի, 2022 • Դամալան իր առօրյայով և հետաքրքիր կյանքով

Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղը Դամալան է, կոլորիտային այս գյուղում մարդիկ աչքի են ընկնում ջավախքցուն վայել առատ հյուրասիրությամբ, անծանոթներին հարազատի պես ընդունելու, իրենց մշակույթն ու գյուղը գեղեցիկ ներկայացնելու կարողությամբ:

Դեպի գյուղ տանող նեղ ճանապարհը երկու կողմից ծառերով և գեղեցիկ բնությամբ է զարդարված, ինչը չենք կարող ասել հայաբնակ այլ գյուղերի դեպքում: Գյուղում գրեթե յուրաքանչյուրի այգին ողողված է գունային տարբեր երանգներով՝ ծաղիկներով, տարատեսակ մրգատու ծառերով և խիտ կանաչով:

Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ, բացի այդ նաև արտագնա աշխատանքի են մեկնում:

«Մենք այգիներում և հողատարածքներում, ոչ թե կոնկրետ մեկ կամ երկու բան ենք աճեցնում, այլ ամեն ինչից քիչ-քիչ, կլինի դա բանջարեղեն, հատապտուղ թե որևէ այլ բան: Շատ քիչ մթերք կա, որ մենք գնում ենք», — ասում է գյուղի բնակիչներից մեկը:

Գյուղում բացի վերոնշյալից, կան նաև պետական աշխատատեղեր: Jnews-ը զրուցել է Դամալա գյուղի գյուղապետ Մարտին Կերեկցյանի հետ, ով նշեց, որ անապահովների աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակներում գյուղում աշխատանքով է ապահովել 70 մարդու: Նրանք աշխատում են գյուղում մաքրության և ջրի հետ կապված խնդիրների ուղղությամբ, բացի այդ բացվել է այդ գործերում գյուղապետին օգնելու, ինչպես նաև մշակույթի տան պահակի հաստիք:

Գյուղում մանկապարտեզ չկա, փոխանակ դրան շրջանի ղեկավարությունը տրանսպորտ է հատկացրել, որը առավոտյան ժամը 9-ին 30-35 երեխայի տանում է մանկապարտեզ և երեկոյան հետ է բերում:

Գյուղում կա նաև բարերարների կողմից բացած հացի փուռ, որտեղ աշխատում է 5 մարդ, փուռում եփում են հայկական լավաշ, որը վաճառվում է՝ և գյուղում, և թե գյուղից դուրս:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝