Սիրելի զբաղմունքը մոնետիզացնելն այդքան էլ դյուրին գործ չէ։ Մարդիկ հաճախ ստիպված են լինում բարձր եկամուտ ստանալու համար որևէ աշխատանք կատարել, սիրելի զբաղմունքի մասին շատ հաճախ մոռանալով։ Մեր հերոսները պատմում են օնլայն աշխատանքի ոլորտում իրենց հետաքրքիր փորձառության, ժամանակակից աշխատանքային գործիքներին տիրապետելու ու ախալքալաքյան «նեղ» աշխատաշուկայի «լայն» հնարավորությունների մասին։

Հեռահար աշխատանքի գլխավոր առավելությունները գործատուները համարում են աշխարհի ցանկացած կետում մասնագետ վարձելու հնարավորությունը և խնայողությունն աշխատատեղերի վարձակալման հարցում։ Իսկ հեռահար աշխատակիցները որպես գլխավոր առավելություն նշում են իրենց ազատ աշխատանքային գրաֆիկը և զուգահեռաբար այլ աշխատանք անելու հնարավորությունները։

«Օնլայն աշխատանքն ինձ շատ է դուր գալիս, այն ինձ կովիդից նվեր մնաց»

Ամալյան արդեն երկու տարի է իրեն «նվիրել է» օնլայն աշխատանքին։ Հեռահար դասավանդում է ֆրանսերեն։

Ասում է՝ «Իմ նպատակն է, որ մարդիկ իմանան հեռահար աշխատանքի լայն հնարավորությունների մասին։ Ինձ համար ոչ միայն շատ հարմար աշխատանք է, այլև եկամուտս ավելի շատ է»։

Ամալյա Օվանօղլյանն ավարտել է Պյատիգորսկի լեզվաբանական ինստիտուտը, խորանալով  ֆրանսերեն լեզվի մեջ։ Այնուհետև վերադարձել է Ախալքալաք և աշխատանքի տեղավորվել նախկին զինվորական ավանի ռուսական դպրոցում։ Հետո երբ երեխաները փոքր են եղել, ստիպված է եղել թողնել ուսուցչի գրաֆիկով աշխատանքը։ Մի քանի տարի անց արդեն հագուստի խանութ է հիմնել հարազատների հետ ու սկսել այնտեղ աշխատել։ Զուգահեռաբար ֆրանսերենից թարգմանություններ է արել, անհատական աշակերտների դասավանդել։

Կորոնավարակի ճգնաժամային երկու տարին իր բացասական ազդեցությունը թողեց շատերի կյանքում։ Ամալյան և իր հարազատները փակեցին հագուստի խանութը։ Հատկանշական է, որ մեր հերոսուհին խանութում աշխատելուն զուգահեռ համացանցում անընդհատ աշխատանք է փնտրել։ Մի անգամ էլ մտնում է «vsesdal» և «avtor24» ռուսական կայքերը, որտեղ մարդիկ հայտարարություն են դնում, որ իրենց պետք է այսինչ աշխատանքն անել։

«Այդ կայքերում ուսանողները, դպրոցականները հայտարարություն են դնում, թե ում ինչ հարցում է պետք օգնել։ Հետաքրքիր աշխատանք է, աուկցիոնի պես մի բան է, կուրսային գրելու համար առաջարկ է արվում, և դու կարող ես համաձայնվել կամ ոչ։ Նույնիսկ ուսանողներին օգնում էի քննության նախապատրաստվել», – ասում է Ամալյան։

Չնայած մեր հերոսուհին չի ծրագրել կենտրոնանալ հեռահար աշխատանքի վրա, սակայն հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ինքնըստինքյան նա ընտրել է հեռահար աշխատանքը։ Ընկերուհու հարցադրումը, թե ինչո՞ւ չի հանձնում ուսուցիչների քննությունը շրջադարձային է լինում Ամալյայի հեռահար աշխատանքային կարիերայում։

«Այդ ժամանակ ես Կրասնոդարում էի, առանց ինձ ընկերուհիս գրանցեց, որ մասնակցեմ քննությանը։ Ուզում էի անգլերեն, ֆրանսերեն ու ռուսերեն քննություն հանձնել, բայց պարզվեց, որ եթե դասատու չես մի քննություն իրավունք ունես հանձնելու, և ես ընտրեցի ֆրանսերենը», – հիշում է Ամալյան։

Վերջինս Ախալցիխեում մասնակցում է քննությանը և 10 հնարավոր բալից հավաքում 10-ը։

«Դրանից հետո սկսեցի պարապել, տեսա որ այդ աշխատանքն ինձ ավելի է դուր գալիս քան խանութում կանգնելը։ Այդպես ռեզյումես գցեցի կայք, որտեղից ինձ զանգեցին և այդպես սկսեց իմ  հեռահար  աշխատանքային կարիերան։ Օնլայն դպրոց է, որտեղ օտար լեզուներ են դասավանդում», – պատմում է նա։

Ամալյան վստահեցնում է, ով լեզու գիտի, շատ հանգիստ կարող է հանձնելով համապատասխան քննություններն ընդունվել օնլայն աշխատանքի։

«Եթե մասնագետ ես ու լեզու գիտես, ուրեմն կարող ես ընդունվել աշխատանքի։ Իրենք ապահովում են աշակերտներով, քանի աշակերտ կուզես, այնքան կընդունես, քեզանից է կախված։ Իսկ աշխատավարձը ժամացույցի պես ամսի 1-ին տալիս են», – նշում է Ամալյա Օվանօղլյանը։

Մեր հերոսուհին այսպես ասած օնլայն աշխատասենյակ ունի, որտեղ օրով, ժամով ու այլ դետալներով նշված է, թե որ ժամին ում է դասավանդելու։

onlineԱմալյան ցույց է տալիս իր օնլայն աշխատասենյակը 

«Տեսեք 14 տարեկան աղջիկ է, Անգլիայից, ֆրանսերեն եմ պարապում, իսկ այս մյուսը Բելգիայից է, պարապում է, որ Սորբոնի համալսարան ընդունվի», – նշում է նա։

Ամալյա Օվանօղլյանը, եթե ոչ միակը, ապա այն եզակիներից է, ով Ախալքալաքից հեռահար կարգով աշխատում է միջազգային դպրոցներում և համեմատաբար բարձր եկամուտ ստանում։

Ամալյան գտնում է, որ ամեն ինչ հասկանալու, տարբեր մարդկանց հարմարվելու կարողության մեջ է։

«Իմ ժամային գրաֆիկը շատ հարմար է, երեկոյան տանից նստած իմ գործն անում եմ ու ավելի շատ գումար վաստակում, քան որևէ դպրոցում, կամ այլ տեղ օֆլայն աշխատելիս։ Եթե ես որևէ անհետաձգելի գործ եմ ունենում, ապա նախօրոք զգուշացնում եմ և դասի ժամը տեղափոխում, իմ վրա որևէ մեկը չի խոսում, և իմ դասը չի չեղարկվում», – ասում է նա։

Ընդգծում է՝ հեռահար աշխատելու կարևոր նախապայմաններից մեկը նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելն է, հակառակ պարագայում՝ ինչքան էլ լավ մասնագետ լինես, միևնույն է չես կարողանա հեռահար աշխատել։

Նշում է՝ օֆլայն աշակերտ չի ուզում ընդունել, քանի որ այն ավելի շատ ժամանակ ու ջանք է պահանջում, քան հեռահար դասը։

Ամալյա Օվանօղլյանն ուզում է, որ մարդիկ իմանան և դիմեն, որովհետև օնլայն աշխատանքն իր առավելություններն ունի․ սկսած ֆինանսականից մինչև ժամային գրաֆիկ ու ծանրաբեռնվածություն։

Օնլայն աշխատանքի այսպես ասած «ընձեռած» հնարավորության արդյունքում Սյուզաննան արդեն մեկ տարի է ապրում է հարազատ քաղաքում և միաժամանակ աշխատում։

Մասնագիտությամբ հոգեբան է, ավարտել է Մոսկվայի պետհամալսարանը։ Մոսկվայում էր ապրում։ Մեկ տարի առաջ մայրիկի հետ ամառային արձակուրդները Բաթումիում անցկացնելուց հետո, որոշում է վերադառնալ Ախալքալաք ապրելու։

Ասում է՝ «Ես հոգեբան եմ, զուգահեռաբար աշխատել եմ՝ և օնլայն և օֆլայն, իհարկե, իմ մասնագիտությունն ինձ հնարավորություն է տալիս օնլայն աշխատել։ Հասկանում եք, այսպես թե այնպես հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ դժվարությամբ են կոնտակտի գնում։ Իմ պրակտիկայից ելնելով՝ կարող եմ ասել, որ շատերը նախընտրում են օնլայն տարբերակը, կան որ նույնիսկ չեն ուզում իրենց նկարը բանալ»։

Սյուզաննա Նորվարդյանը մանուկ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել և բնակվել է Մոսկվայում, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձել է Ախալքալաք։ Նրա խոսքով, Ախալքալաքն այն քաղաքն է, որտեղ աշխատելու և ապրելու լավագույն պայմանները կան իր համար։ Մեկ տարի է նա օնլայն աշխատում է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց հետ։ Նշում է՝ հոգեբանական աջակցություն է ցուցաբերում Նյու-Յորքում, Մոսկվայում և այլուր բնակվող մարդկանց։

Syuzi

Սյուզաննան Ինսթագրամում բլոգ է վարում։ Նրա խոսքով, իր մասին հենց այս սոցհարթակից են տեղեկանում և դիմում։ Մեր հերոսուհին այս պահի դրությամբ 5 հոգու հետ է աշխատում։ Ասում է կոնկրետ գրաֆիկ չունի, իրեն դիմում են ցանկացած ժամի, եթե հարմար է լինում, արագ արձագանքում է։

«Եթե օնլայն աշխատելու հնարավորություն չունենայի, ապա դժվար տեղափոխվեի Ախալքալաք։ Շնորհիվ օնլայն աշխատանքի ես այսօր կարողանում եմ բնակվել Ախալքալաքում, կարող եմ ասել, որ նորմալ եմ վաստակում։ Ճիշտ է, եթե օֆլայն նույն բանն անեի ավելի շատ գումար կվաստակեի, բայց չեմ բողոքում»,- ասում է Սյուզաննա Նորվարդյանը։

Մեր հերոսուհին արդեն Ախալքալաքում է ապրում, սակայն նա աշխատանքային կարիերայում հանդիպում է խոչընդոտների՝ լեզվական բարիերից մինչև հոգեբանի «չընդունված» աշխատանք։«Ախալքալաքցիները հետաքրքիր, ոչ սովորական մտածելակերպ ունեն։ Մտածում են մեկ անգամ գնացին հոգեբանի մոտ, ուրեմն վերջ, իրենց բոլոր խնդիրները վերացան։ Պետք է նշեմ, որ հոգեբանի մոտ նվազագույնը 1-ից 6 ամիս պետք է հաճախել։ Այստեղ օֆլայն աշխատելն ինձ համար դժվար է նաև լեզվի տեսանկյունից։ Իմ աշխատանքային լեզուն ռուսերենն է։ Մի պացիենտ ունեի, 10-րդ դասարանի աշակերտ էր, բայց թե ինձ, թե իր համար շատ դժվար էր, քանի որ ես իմ միտքը չեմ կարողանում արտահայտել հայերենով, իսկ ինքը՝ ռուսերենով», – նշում է Սյուզաննան։

Վերոգրյալից պարզ է դառնում, որ կարելի է գումար վաստակել սիրելի գործով, բայց երբեմն պետք է քայլ անել ու հավելյալ ջանքեր գործադրել աշխատանքը հաճելի ու գրավիչ դարձնելու համար, այդ թվում՝ ինքնակրթվելով կամ կրկին ուսանողի աթոռը զբաղեցնելով: Մեր հերոսների փորձը ցույց է տալիս, որ ցանկացած քայլ անելիս պետք է վստահ անել ու ջանք չխնայել նպատակին հասնելու համար և ցանկալի արդյունքը երկար սպասեցնել չի տա։