Ախալքալաքից երեք երիտասարդ աղջիկ՝ Ջուլիետա Սողոյանը, Հնազիկ Ավետիսյանը և Դիանա Սահարյանը, աշխատել են Ախալքալաքի տարբեր գյուղերի երիտասարդների գենդերային զարգացման կարևորության մասին պատմելու ուղղությամբ։ Նրանք այսօր՝ փետրվարի 19-ին, ամփոփեցին ծրագրի արդյունքները կազմակերպելով հանդիպում երիտասարդների համար։

Երիտասարդ աղջիկները, ստանալով դրամաշնորհ, մասնակցել են Caucasus Environmental NGO Network (CENN) քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրին, որը իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ։

Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախքի (18-ից 30 տարեկան) երիտասարդներին 6-ամսյա վերապատրաստման ծրագրում ներգրավելու համար, 2022 թվականին CENN-ը մրցույթ էր հայտարարել։

Վերապատրաստման ծրագրի նպատակն էր աջակցել երիտասարդներին տեղական մակարդակում սոցիալական և տնտեսական խնդիրների հաղթահարման գործում: Ծրագրի շրջանակներում մասնակիցները մի շարք դասընթացներ են անցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նախագծերի մշակումը, պլանավորումը և իրականացումը և այլն:

Ջուլիետա Սողոյանը, Հնազիկ Ավետիսյանը և Դիանա Սահարյանը մասնակցել են այս ծրագրին, գրել գենդերային հավասարության մասին նախագիծ և հաղթել։

Մասնակիցներից մեկի՝ Դիանա Սահարյանի խոսքով, իրենք նախագծում ներառել են մեր շրջանին բնորոշ կարծրատիպերի վերաբերյալ աշխատանք։

«Մենք ցանկանում էինք երիտասարդներին, թրեյնինգների և տարբեր միջոցառումների միջոցով, իրազեկել տղամարդկանց և կանանց իրավահավասարության մասին: Մենք գյուղերում ընտրել ենք երիտասարդների խմբեր և նրանց հետ անցկացրել թրեյնինգներ։ Դրանց նպատակն էր երիտասարդներին սովորեցնել ինտեգրվել տեղի հասարակության կյանքին»,- ասաց Դիանա Սահարյանը։

Երիտասարդ աղջիկներն աշխատել են Կարտիկամ, Բավրա, Տուրցխ, Դիլիսկա և Հոկամ գյուղերում։ Երիտասարդների հետ թրեյնինգն անցկացրել է PITA կազմակերպության աշխատակից Լելյա Ռաիսյանը։

Այսօր տեղի ունեցավ նախագծի ամփոփումը, որին մասնակցում էին քաղաքի ու գյուղերի երիտասարդները։ Նրանց հետ հանդիպման էին հրավիրվել Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Սեդա Մելքումյանը, Սամցխե-Ջավախքում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբիշվիլին։ Նրանք երիտասարդներին պատմեցին իրենց մասին, իրենց աշխատանքային ոլորտներում գենդերի մասին: Հետո անցկացվեց մրցույթ-խաղ գենդերային թեմայով։