Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խորհրդարանական ընտրություններից 11 օր անց, Ախալքալաքի սպասարկման կենտրոնը հեռացնում է նախընտրական պաստառները:
Թեկնածուների պաստառները պատերին և Ախալքալաքի գովազդային վահանակներին հայտնվել էին օգոստոսի երկրորդ կեսին: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացան հոկտեմբերի 31-ին: Հատկապես նկատելի է պաստառների և ազդերիզների բազմազանությունը, որոնք փակցված և տեղադրված են քաղաքի փողոցներում, տների պատերին և ամենուրեք, որտեղ դրանք փակցնելը թույլատրելի է: Հաճախ հնարավոր է փակցված տեսնել բոլոր թեկնածուների պաստառները մեկ պատի վրա:
Ընտրություններն արդեն ավարտվել են, և այժմ բոլոր քաղաքական սուբյեկտները, այսինքն՝ ընտրություններին մասնակից կուսակցությունները, պետք է ապահովեն, որ պաստառները պատերից հեռացվեն: Վրաստանի Ընտրական օրենսգիրքը (հոդված 46) սահմանում է այն ժամանակահատվածը, որից հետո ընտրական պաստառները պետք է հեռացվեն:
«Ընտրությունների վերջնական արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 15 օրվա ընթացքում համապատասխան ընտրական սուբյեկտը պետք է ապահովի քարոզչական նյութերի հեռացումը, հակառակ դեպքում նա պատասխանատվության կենթարկվի Վրաստանի օրենսդրության համաձայն»:
Ախալքալաքում, սակայն, պաստառները սկսել են մաքրել Սպասարկման կենտրոնի աշխատակիցները: Ըստ Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի՝ քանի դեռ եղանակը բարենպաստ է, իրենք որոշել են հնարավորինս շուտ ավարտել այդ աշխատանքները՝ որպեսզի հասցնեն մինչև ցրտերն ընկնելը:
Վերջինիս խոսքով՝ նրանք քաղաքը մաքրել էին նախընտրական պաստառներից նաև 2018 թ-ի նախագահական ընտրություններից հետո:
Բրատիսլավ Իգիթխանյան