Գազիֆիկացման խնդիրն Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղերում դեռ արդիական է, ինչը մեծ խնդիր է առաջացնում գյուղացիների համար։ Այդ գյուղերից է Սուլդան։
Ախալքալաքի Սուլդա գյուղը շրջկենտրոնից 20 կմ հեռավորության վրա է գտնվում։
Տարիներ շարունակ մարդիկ այս գյուղում բախվում են նույն խնդրին։

Այս թեմայով՝ Սուլդայում «ամենացավոտ» խնդիրը գազիֆիկացման բացակայությունն է

Դեկտեմբերի 18-ին Jnews-ը նամակով դիմել էր Վրաստանի գազատրանսպորտային ընկերությանը պարզելու, ո՞ր թվականին է գազիֆիկացվելու Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա, ինչպես նաև հարևան՝ Դադեշ, Կարծախ, Մյասնիկյան, Դավնիա, Էրինջա և Խավեթ գյուղերը, որոնք գտնվում են նույն ճանապարհային գծի վրա։

Ընկերությունից մեր նամակին ի պատասխան գրել են․

«Ներկայումս Ձեր հարցի մեջ թվարկված գյուղերը, կառավարության որոշմամբ վերագրված չեն Վրաստանի գազատրանսպորտային ընկերությանը։ Մեր ունեցած տեղեկություններով, այս գյուղերը հավանաբար 2026-2028 թվականներին կքննարկվի գազիֆիկացման հարցը»:

Վրաստանի գազափոխադրող GGTC ընկերության կայքի տեղեկատվության համաձայն՝ 2024-2025 թթ. Ջավախքում գազիֆիկացվելու է 13 գյուղ․ 8-ը՝ Ախալքալաքում, իսկ 5-ը՝ Նինոծմինդայում։

Ախալքալաքի մունիցիպալիտետում այս ծրագրով կգազիֆիկացվեն՝ Աբուլը, Թախչան, Մոդեգամը, Բուզավեթը, Մեծ և Փոքր Սամսարը։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ Գորելովկան, Ժդանովը, Սամեբան, Եֆրեմովկան, Օրլովկան։