Կանանց միամսյակին ընդառաջ, որը սկսվում է մարտի 3-ից (Վրաստանում նշվում է Մայրության օրը)՝ շարունակվելով մարտի 8-ով (Կանանց միջազգային օրը), և ավարտվում է ապրիլի 7-ին (Հայաստանում՝ Մայրության և գեղեցկության օրը), ինչպես և ամեն տարի՝ ծաղիկները թանկանում են։

Այս տարի՝ ելնելով ծաղիկների թանկությունից։ Վաճառողները գների բարձրացումը բացատրում են գնումների հետ կապված ծախսերի մեծացմամբ։ Ծաղիկների փշոտ թագուհու՝ վարդի արժեքը 3,50 լարիից հասնում է 7 լարիի՝ ելնելով ցողունի բարձրությունից։ Գարնանային ծաղիկները՝ վարդակակաչները կարելի է գնել 5-6 լարիով։ Ծաղկամանով հանդերձ սենյակային ծաղիկներ նվիրողները կարող են դրանք գնել 20-25 լարիով, իսկ Ախալքալաքում ամենաթանկ ծաղիկը համարվում է անդրծովյան խոլորձը, որի արժեքը 70 լարի է։ Իրականում, կարելի է գտնել յուրաքանչյուր ճաշակի և գրպանին հարմար ծաղիկներ: Ախալքալաքի ծաղկավաճառները պատրաստում են ծաղկեփնջեր ցանկացած բյուջեի համար։

Սակայն միջին ծաղկեփունջը տատանվում է 30-ից մինչև 60-70 լարիի սահմաններում։

«Այս տարի շատ բան չես կարողանա քեզ թույլ տալ: Եթե ամեն բարեկամուհուդ մեկական ծաղկեփունջ նվիրես, ապա բավականին կլորիկ գումար հարկավոր կլինի: Ճիշտ է, կան այլընտրանքային ծաղիկներ, գարնանային, որոնք սովորաբար բերում են տոնական օրերին՝ նարցիսները և այլն։ Դրանք այդքան էլ թանկ չեն, բայց չէ որ գլխավորն ուշադրությունն է: Մյուս կողմից՝ գեղեցիկ սեռը ավելիին է արժանի»,- ասում է ախալքալաքցի տղամարդը։

Հիմնականում մասսայաբար ծաղիկներ են գնում դպրոցականները՝ նվեր իրենց ուսուցիչներին։ Որոշ դասարաններ, չնայած ծաղիկների թանկացմանը, նույնիսկ հաջողել են խնայել այս տոնական ամսվա ուսուցիչների նվերներից։

«Սա զուտ ծնողների ցանկությունն է՝ շնորհավորել ուսուցիչներին տոնի առթիվ: Մենք ամեն տարի դրա համար գումար ենք հավաքում։ Ճիշտն ասած, այս տարի նույնիսկ ավելի քիչ ենք հավաքել, քան անցյալ տարի, չնայած այն հանգամանքին, որ այս տարի ծաղիկները թանկացել են։ Երկու երեխա ունենք, երկուսն էլ դպրոցական տարիքի, երկու դասարանի համար էլ 10-ական լարի ենք հավաքել, անցած տարի 15 լարի էինք հավաքել»,- ասում է ծնողը։

Հիմնականում ծաղիկների հետ միասին նաև նվերներ են նվիրում։ Սակայն այս տարի ծաղիկներն իրենք իրենցով արդեն իսկ թանկարժեք նվեր են։

«Դուստրերս դասարանի համար հնգական լարի են հավաքել, ընդհանուր առմամբ ստացվել է մոտ 100 լարի՝ դասղեկի համար մեկ ծաղկեփունջ և ինչ կմնա՝ կպահվի դասարանային ֆոնդում»,- ասում է Ախալքալաքի բնակիչներից մեկը։

Հիմնականում դպրոցներում ուսուցիչներին ծաղիկները նվիրում էին մարտի 8-ին, բայց քանի որ վերջին տարիներին Մարտի 8-ը համընկնում է գարնանային արձակուրդներին, ծաղիկները նվիրում են ժամանակից շուտ։ Չի ստացվում նվիրել Մարտի 3-ին էլ, քանի որ այդ օրը Վրաստանում նույնպես հանգստյան է, արդյունքում այս տարի մնում է ծաղիկները նվիրել մարտի 4-ին։