Դեկտեմբերի 23-ին Ախալքալաքում կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը, կանցկացվի նաև տոնական միջոցառում, որի կազմակերպիչը կառավարության վարչակազմն է։
Ախալքալաքը պատրաստվում է ամանորյա տոներին, քաղաքը տոնական է զարդարված: Ախալքալաքի գլխավոր տոնածառը տեղադրված է «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում։ Զարդարված է նաև կենտրոնական հրապարակում՝ Ախալքալաքի մշակույթի տան հարևանությամբ գտնվող տոնածառը։ Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետը քաղաքը զարդարելու համար ծախսել է 72250 լարի։
Կենտրոնական զբոսայգում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 23-ին։ Այդ օրը զբոսայգում կանցկացվի տոնական միջոցառում, որը կազմակերպում է կառավարության վարչակազմը՝ տեղական իշխանությունների հետ համատեղ։ Առայժմ, ինչպես հայտնում են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանից, միջոցառման ծրագիրը հայտնի չէ, սակայն նախատեսված են հյուրեր և ելույթներ տեղի երաժշտական-պարային խմբերի կողմից։