Մեկ ամսվա ընթացքում Ախալքալաքի քաղաքապետարանը շներին բռնելու արդեն երկրորդ տենդերն է հայտարարում։ Առաջին տենդերը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չէին եղել։ Մինչդեռ Ախալքալաքում անօթևան շների խնդիրը շարունակում է արդիական մնալ։
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Ախալքալաքի քաղաքապետարանը մեկ ամսում երկրորդ անգամ հայտարարել է անօթևան շների բռնման, ստերիլիզացման, կաստրացիայի, պատվաստման, նույնականացման և վերադարձի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ էֆթանազիայի համար տենդերը։
«Առաջին տենդերին ոչ ոք չէր մասնակցել: Ես չգիտեմ, թե ինչն է եղել պատճառը: Մենք երկրորդ անգամ ենք հայտարարել, որ Ախալքալաքում շների հարցը լուծենք: Եթե ոչ ոք չմասնակցի, չգիտեմ՝ հետո ինչ կարելի է անել։ Ամենայն հավանականությամբ ամեն ինչ կմնա նույնը, այնպես որ այս խնդիրը լուծելու այլ տարբերակ չկա»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի Գնումների բաժնի պետ Ռոզա Յորդանյանը։
Այս ծառայությունների առաջին տենդերը հայտարարվել է հոկտեմբերի 18-ին՝ 22 033 լարիի չափով։ Տենդերի գումարը չի փոխվել:
Հայտարարված տենդերի պայմանները նույնն են.
Տենդերը նախատեսում է ծառայությունների մատուցում Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում առանց հսկողության մնացած շներին մարդասիրական նկատառումներով բռնելը, նրանց ապաստարան տեղափոխելը, որտեղ նրանց կստերիլիզացնեն, կկաստրացնեն, կպատվաստեն, կնույնականացնեն, կամ անհրաժեշտության դեպքում էֆթանազիայի կենթարկեն և կտեղափոխեն գերեզմանոց: Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է բռնել 140 թափառող շուն: Ընթացակարգերն անցնելուց հետո շներին պետք է նույնականացնել և վերադարձնել Ախալքալաք։
Հայտարարված տենդերին մասնակցության հայտերի ընդունումն ավարտվում է նոյեմբերի 15-ի կեսօրին։
Նշենք, որ անօթևան շների խնդիրն Ախալքալաքի համար արդեն մի քանի տարի ամենահրատապներից է։