Jnews-ը զրուցել է նորաստեղծ «Պահպանողական շարժում» քաղաքական կուսակցության Ախալքալաքի գրասենյակի ղեկավարի հետ, որի հիմնադիրները «Alt-Info» ինտերնետային հարթակի ներկայացուցիչներն են, որոնք Վրաստանում հայտնի են իրենց ծայրահեղ պահպանողականությամբ, ազգայնականությամբ և ռուսամետությամբ։ Արարատ Քամալյանը Ախալքալաքի գամգեբելիի նախկին լիազոր ներկայացուցիչն էր, ինչպես նաև Նինո Բուրջանաձեի կուսակցության ներկայացուցիչը։
-Շուրջ 10 տարի է, ինչ Դուք քաղաքականությամբ չեք զբաղվում, ինչով է պայմանավորված Ձեր հետաքրքրությունը քաղաքականությամբ և ինչու ընտրեցիք հենց այս կուսակցությունը։
Ես մինչև 2014 թվականը քաղաքականությունում էի, և հիմա կարծում եմ, որ դա հարկավոր է։ ԵՍ կարդացել եմ կուսակցության ծրագիրը և ինձ հոգեհարազատ հիմնական կետերից մեկը քրիստոնեության պահպանումն էր, Վրաստանում ուզում են քրիստոնեությունն ամրապնդել, նրանք այլ կրոններին դեմ չեն, բայց չեն ցանկանում, որ Վրաստանում քրիստոնեությունը թուլանա: Սա է հիմնական պատճառը, թե ինչու ընտրեցի այս կուսակցությունը։ Ես զգում եմ, որ կուսակցության նպատակը համապատասխանում է իմ հավատքին, այլապես ես այնտեղ չէի մտնի։ Բայց ես դեռ կուսակցական տոմս չունեմ։
– Պահպանողական շարժում կուսակցության հիմնադիրներին ճանաչում եք, ովքեր են նրանք։
Կուսակցությունը նոր է, այն գրանցվել է նախորդ տարվա նոյեմբերին։ Կուսակցության ղեկավարն է Գոգա Մախարաձեն։ Ընդհանուր առմամբ կուսակցությունը ստեղծել են երիտասարդները, նրանց տարիքը տատանվում է 30-40 միջև։
– Դուք նշեցիք քրիստոնեության հիմքերի ամրապնդման մասին, արդյոք կուսակցությունն այլ նպատակներ ունի, ինչ գիտեք դրա մասին։
Ընդհանրապես, ցանկացած կուսակցություն, որը բացվում է, ունի իր նպատակը: Սա հարեւանների հետ հարաբերությունների բարելավում է, դա կարող է լինել Թուրքիան, Հայաստանը, հատկապես՝ Ռուսաստանը։ Քանի որ Ռուսաստանը մեր ամենամոտ հարեւանն է, Վրաստանի ապրանքների մեծ մասը վաճառվում է Ռուսաստանում, լավ կլինի, որ վրացի ֆերմերն իր արտադրանքը վաճառի Ռուսաստանում։ Կուսակցության նպատակը ոչ թե բարեկամական կապերով, այլ գաղափարական նկատառումներով հարցեր լուծելն է։
-Կուսակցությունն Ախալքալաքում ունի իր անդամները։
Բացմանը ներկա էր 50-ից ավելի մարդ, բայց մենք աշխատում ենք մարդկանց հետ, ցանկության դեպքում կարող են գալ մեր գրասենյակ։
-Դուք գամգեբելիի լիազորն էիք, ինչով էիք Դուք զբաղվում պաշտոնաթողությունից՝ 2014 թվականից հետո։
Ոչնչով, թոռներիս էի դաստիարակում, ես 4 թոռնիկ ունեմ։