Ընդամենը մի քանի տարի առաջ Ջավախքի դպրոցներում վրաց բանասերների խիստ պահանջ կար, այսօր պատկերը բոլորովին այլ է՝ աշխատաշուկայում համապատասխան կադրերի ավեցուկ կա։ Երիտասարդ բանասերների համար իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնելը դժվարացել է։ Շատերը բախվում են ոչ միայն աշխատաշուկայում իրենց մասնագիտության պահանջարկի պակասի, այլև աշխատանքի տեղավորման սահմանափակ հնարավորությունների խնդրին։
Ջավախքում նորավարտ վրաց բանասերների թիվը տարեցտարի ավելանում է։ Նրանք դիմում են դպրոցներում աշխատելու համար, սակայն թափուր հաստիքները սահմանափակ են։
Ժենյա Մկրտչյանը սովորել է Թբիլիսիի պետական համալսարանում և այժմ աշխատում է Ջավախքի լրատվական կենտրոնում։ Խոսելով մասնագիտության ընտրության դրդապատճառների մասին, նա ասում է․
«Վրաց լեզուն միշտ սիրել եմ: Վրաց բանասիրություն ընտրելով՝ ես ցանկանում էի ոչ միայն տիրապետել լեզվին, այլ նաև հասկանալ վրաց ժողովրդին և նրանց պատմությունը: Այս մասնագիտությունն ինձ սովորեցրեց, որ վրացիներն ու հայերը շատ նման են, իրենց անցած ուղիներով ու արժեքներով»:
Բայց աշխատանքի տեղավորման հնարավորությունները սահմանափակ են, ինչն ակնհայտ է, նշում է Ժենյան. «Թեև ես կարողացել եմ աշխատանք գտնել ուսանողական տարիներին, սակայն իմ շրջապատի մարդիկ ու կուրսեցիներս շատ դժվարություններ են ունեցել: Ախալքալաքում վրաց լեզվի ուսուցիչների պահանջարկը կտրուկ նվազել է, քանի որ դպրոցները համապատասխան կադրերով արդեն լիովին համալրված են»:
Ժենյան հավելում է, որ իր կուրսում Ջավախքից երկու ուսանող է եղել, որոնցից մեկը հիմա աշխատում է, իսկ մյուսը՝ դեռևս աշխատանք է փնտրում։
Ֆենյա Թորոսյանը ևս ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի վրաց բանասիրության բաժինը, այժմ աշխատում է Ջավախքի գյուղերից մեկում որպես վրաց լեզվի ուսուցիչ: Նա մասնագիտությունն ընտրել է լեզվի հանդեպ սիրուց դրդված։
«Վրացերենը սիրում եմ, ուզում էի խորանալ և ուսումնասիրել այն: Ավարտելուց հետո վերադարձա Ջավախք, բայց տեղացի բանասերների համար աշխատանքի հնարավորությունները սահմանափակ են։ Շատ տեղերում պահանջվում է աշխատանքային փորձ, ինչը նորավարտ մասնագետը չունի։ Արդյունքում աշխատանքի տեղավորումը դառնում է գրեթե անհնար», – ասում է Ֆենյան:
Լիլիթ Կարախանյանն ավարտել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանը և այժմ աշխատում է որպես երկլեզու ուսուցման մասնագետ դպրոցում, պատմում է.
«Ուրախ եմ, որ կարողացել եմ համատեղել սիրածս երկու ոլորտները՝ վրաց բանասիրությունը և արվեստը: Բայց եթե վերլուծենք ընդհանուր վիճակը, կարելի է ասել, որ աշխատանքի շուկայում վրաց բանասերների պահանջարկն ընկել է։ Պատճառներից մեկն այն է, որ դպրոցներում տեղերն արդեն զբաղեցված են կամ պահանջվում են այլ հմտություններ»:
Լիլիթի կուրսը 12 հոգուց է բաղկացած եղել։ Նրանցից վեցն այժմ աշխատում է իր մասնագիտությամբ։
Երիտասարդները, չնայած դժվարություններին, չեն կորցնում իրենց հույսը և իրենք են առաջարկում լուծումներ: Ժենյան կարծում է, որ տեղական կրթական կենտրոնների ստեղծումը, որտեղ վրաց լեզուն կսովորեցնեն ոչ վրացալեզու բնակչությանը, կարող է խթանել մասնագիտության պահանջարկի աճին: Լիլիթը տեսնում է երկլեզու ուսուցման ծրագրերի ընդլայնման մեծ պոտենցիալ, ինչը կբացի նոր հնարավորություններ վրաց բանասերների համար:
Իսկ Ֆենյան ընդգծում է տեղեկացվածության կարևորությունը. «Պետք է երիտասարդներին ավելի մանրամասն ներկայացնել մասնագիտության դրական և բացասական կողմերի մասին, ինչպես նաև ապահովել աջակցության ծրագրեր մասնագիտական հմտությունները զարգացնելու համար»:
Ախալքալաքի «Մեծահասակների կրթության կենտրոնի» տնօրեն, ուսուցչուհի Շորենա Թեթվաձեն կարևորում է Սամցխե-Ջավախքում վրաց լեզվի մասնագետների անհրաժեշտությունը: Նրա խոսքով, տարածաշրջանում զգացվում է թե՛ ուսուցիչների, թե՛ վրացերենին տիրապետող այլ մասնագիտությունների տեր մարդկանց պակասը: Վրացերենին տիրապետելը, ըստ Թեթվաձեի, այստեղ ոչ միայն մասնագիտական, այլև հանրային հաղորդակցության համար կենսական նշանակություն ունի:
Նա անդրադառնում է նորավարտ մասնագետների աշխատանքի տեղավորման դժվարություններին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում աշխատատեղերը սահմանափակ են:
«Աշխատանք գտնելը մեզանում բարդ է, քանի որ տեղի գործատուները հիմնականում ինքնակառավարման մարմիններն ու նրանց ենթակա ծառայություններն են, որոնք քիչ են: Այս հանգամանքը նորավարտներին դնում է ծանր դրության մեջ»,- նշում է Թեթվաձեն:
Աշխատաշուկայի մասին խոսելիս նա պարզաբանում է, որ դպրոցներում վրաց բանասերների պակաս չկա, սակայն կրթական համակարգում այլ ոլորտների մասնագետների՝ մասնավորապես բնագիտության առարկաների ուսուցիչների պահանջարկը մեծ է:
«Դպրոցներում այսօր ամենից շատ անհրաժեշտ են քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության և մաթեմատիկայի մասնագետներ»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է աջակցող ծրագրերին, Թեթվաձեն նշում է, որ զբաղվածության ծառայությունները պարբերաբար տեղեկատվություն են տարածում առկա թափուր աշխատատեղերի մասին: Չնայած դրան, նա համոզված է, որ անհրաժեշտ են ավելի լայնածավալ և համակարգված ծրագրեր, որոնք կօգնեն երիտասարդներին ոչ միայն գտնել աշխատանք, այլև զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի պահանջներին:
Էթերա Աբելյան