Ախալքալաքի շրջանի գյուղերում մանկապարտեզների բացակայությունը մշտական խնդիր է։ Հեռավոր Վարևան գյուղի բնակիչները ամեն պատեհ ու անպատեհ առիթներով բարձրացնում են իրենց բնակավայրում նախակրթարան ունենալու կարևորությունը, սակայն դեռևս անարդյունք է:
Բնական է, մանկապարտեզ բոլոր գյուղերն ուզում են ունենալ, առավել ևս Ախալքալաքի շրջանի գյուղերում, երբ երեխաները որևէ զբաղմունքի, զարգացման վայր չունեն: Վարևանում առաջնահերթ խնդիր են համարում հենց նախակրթարանի բացակայությունը:
«Իմ կարծիքով, գյուղում առաջնահերթ պետք է մանկապարտեզ լինի, իրականում ցանկությունը շատ մեծ է։ Երեխաների համար ոչ մի հետաքրքիր բան չկա, երեխան զարգացման միջավայր չունի, հետո բողոքում ենք, որ մեր երեխաները շատ բաներ չգիտեն, որտեղից իմանան, եթե հնարավորություն չունեն», – ասում է Սպարտակ Սահակյանը:
Վարևանում ասում են, որ ծնողները հնարավորություն չունեն երեխաներին ամեն օր հարևան՝ Խանդո գյուղի մանկապարտեզ տանել:
«Ո՞վ է տանելու, ոչ բոլորն են, որ մեքենա ունեն, որ տանեն-բերեն, եթե հենց գյուղում լինի մանկապարտեզ շատ լավ կլինի»,- նշում է գյուղի բնակիչներից մեկը:
Գյուղապետ Միշա Ստեփանյանն ասում է՝ իհարկե, նախակրթարան ունենալու ցանկությունը շատ մեծ է, բայց նրանք նաև հասկանում են, որ պետությունը կորոնավարակով պայմանավորված հայտնվել է բարդ իրավիճակում:
«Մենք ուզում ենք մանկապարտեզ ունենալ։ Իրականում շատ խնդիրներ կան, կարծես թե ամբողջ աշխարհի խնդիրները մեր գլխին եկավ։ Մի շենք կար գյուղում, Մոսկվայից գումար էին ուզում ուղարկել, որ մանկապրտեզի համար օգտագործեինք, բայց այդ շենքը վաճառվեց», – նեղսրտած ասում է Միշա Ստեփանյանը։
Չնայած Վարևանում ծնողները երազում են, որ գոնե մյուս տարի իրենց գյուղը նախակրթարան կունենա, սակայն Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը JNEWS-ի հետ զրույցում ասաց, որ 2021 թվականի նախագծերի թվում չկա Վարևան գյուղում մանկապարտեզի կառուցում նախատեսված չէ։
Այսօրվա դրությամբ Ախալքալաքի շրջանում ընդամենը 12 մանկապարտեզ է գործում, որից 3-ը քաղաքում, իսկ 9-ը՝ գյուղերում:
Լրիվ մանկապարտեզներ.
№ 1 մանկապարտեզ – ք․ Ախալքալաք, Մաշտոցի փ. 41
№ 2 մանկապարտեզ – ք. Ախալքալաք, Դարբինյան փ. 1
№ 3 մանկապարտեզ – ք. Ախալքալաք, Չարենցի փ. 38/42
№ 4 մանկապարտեզ – գյուղ Դիլիսկա
№ 5 մանկապարտեզ – գյուղ Վաչիան
№ 6 մանկապարտեզ – գյուղ Բարալեթ
№ 7 մանկապարտեզ – գյուղ Ազավրեթ
№ 9 մանկապարտեզ – գյուղ Կարծախ
№ 10 մանկապարտեզ – գյուղ Կուլիկամ
Այլընտրանքային մանկապարտեզներ.
Գյուղ Կոթելիայի այլընտրանքային մանկապարտեզ,
Գյուղ Կարտիկամի այլընտրանքային մանկապարտեզ,
Գյուղ Խանդոյի այլընտրանքային մանկապարտեզ,
Գայանե Ակոջյան