Ըստ Վրաստանի խորհրդարանի Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Գիորգի Ամիլախվարիի՝ Վրաստանի դպրոցներում ուկրաինական հատվածը պետք է ստեղծվի առավելագույնը 2 ամսվա ընթացքում։ Այս մասին գրում է interpressnews.ge-ն։

Ինչպես InterpressNews-ին հայտնել է Ամիլախվարին, ուսուցիչներն ակտիվորեն վերապատրաստվում են, որպեսզի ուկրաինացի երեխաները վրացական դպրոցներում սովորեն իրենց մայրենի լեզվով։

Նրա խոսքով, որոշ դպրոցներում ուսումնական գործընթացում այժմ ընդգրկված են թարգմանիչներ:

Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 380 ուկրաինացի երեխաներ դիմել են դպրոցներ և արդեն ընդունվել են Վրաստանի պետական և մասնավոր դպրոցներ։ Պարզեցվել է ուկրաինացիներին թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում ընդունելու կարգը։ Նաև կրթության նախարարությունն աշխատում է առանձին ուկրաինական հատված ստեղծելու ուղղությամբ։

«Այժմ նրանց հետ աշխատանքը հիմնականում տարվում է անգլերենով։ Որոշ չափով ուսուցման գործընթացում ներգրավված են նաև թարգմանիչները՝ հեշտացնելու երեխաների ուսուցումը: Այժմ հատուկ խումբ է աշխատում մի քանի դպրոցներում ուկրաինական հատվածի ստեղծման վրա, որտեղ ուսուցումը կանցկացվի ուկրաիներենով։ Մենք մեթոդաբար պատրաստում ենք ուսուցիչներին, ովքեր խոսում են ուկրաիներեն, որպեսզի երեխաներին ծառայություններ առաջարկենք: Մենք արդեն ունենք ուկրաիներենին տիրապետող ուսուցիչների տվյալների բազա: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա կոնկրետ ժամկետները չգիտեմ, բայց դրան տարիներ չպիտի պահանջվեն, և դա պետք է սկսվի շատ շուտ, առավելագույնը մեկ-երկու ամսից, որպեսզի այս երեխաներն այս կիսամյակն ամբողջությամբ ավարտեն։ Հուսով եմ, որ դրա կարիքը չի լինի, բայց եթե նրանց անհրաժեշտ լինի կրթությունը շարունակել Վրաստանում նաև սեպտեմբերից, իհարկե, համակարգը դրան կդիմավորի ավելի պատրաստված կերպով»,- ասել է Ամիլախվարին «InterpressNews»-ին տված հարցազրույցում։