Սեպտեմբերից Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսվում է դասապրոցեսը և երկրի տարբեր շրջաններից ուսանողները Թբիլիսիում բնակարաններ են վարձակալում և տեղափոխվում են մայրաքաղաք ապրելու: Սակայն այս տարի բնակարանների վարձակալման գները շատ բարձր են և միշտ չէ, որ ուսանողներին հաջողվում է ցանկալի պայմաններով և գնով բնակարան վարձակալել:
Ավելի վաղ «TBC Capital» խորհրդատվական ընկերությունը տարածել էր տեղեկություն, որ Թբիլիսիում բնակարանների վարձակալության գները երկրորդ ամիսն անընդմեջ էժանանում են, թեև անցյալ տարվա համեմատ գները մնում են մեկուկես անգամ բարձր:
Թբիլիսիում բնակարանների վարձակալման գները կտրուկ սկսեցին բարձրանալ դեռևս ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, քանզի պատերազմի հետևանքով երկու երկրներից մարդկանց արտահոսքը դեպի Վրաստան բավականին բարձր էր և ոլորտի մասնագետները շուկայում նման բարձր գները կապում էին հենց այդ իրադարձության հետ:
Այդ փաստը մեծ ազդեցություն ունեցավ և շարունակում է ունենալ այն ուսանողների վրա, ովքեր մայրաքաղաքում բնակարան են փորձում վարձակալել:
Jnews-ը վերլուծելով անշարժ գույքի գնման և վարձակալության կայքերում (livo.ge, ss.ge, binebi.ge) և սոցցանցերում տեղադրված հայտարարությունները նկատեց, որ եթե նախկինում հնարավոր էր 300-500 լարիի սահմաններում գտնել 1-2 սենյականոց բնակարաններ վարձակալելու նպատակով, ապա այս պահի դրությամբ դրանց գները տատանվում են 900-1500-ի սահմաններում:
Արմինե Բոզոյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում: Այս պահին նա մայրաքաղաքում է և ընկերների հետ փորձում է բնակարան վարձել:
«Երկար ժամանակ է բնակարան ենք փորձում գտնել, բայց կամ շատ թանկ են, կամ էլ պայմանները նորմալ չեն ապրելու համար: Երբ մայիսին երկու ամսով բացվեց համալսարանը շատերս վարձակալեցինք տուն՝ մտածելով, որ երկու ամիս է ինչ էլ լինի կկարողանանք ապրել ու վճարել, բայց հիմա ուսումնական տարին նոր է սկսվում, բոլորը փորձում են հարմար բնակարան գտնել և տեղավորվել գների մեջ»:
Արմինեն մեզ հետ զրույցում պատմում է, որ իր ծանոթ ուսանողներից շատերն են բախվել այս խնդրին: Չնայած ուսումնական տարվա մեկնարկին քիչ ժամանակ է մնացել, ուսանողների մեծ մասին դեռ չի հաջողվել բնակարան վարձել:
Նշենք նաև, որ Թբիլիսիի պետական համալսարանում դասերը սկսվում են սեպտեմբերի 19-ից, Իլիայի պետական համալսարանում՝ սեպտեմբերի 26-ից, Վրաստանի տեխնիկական համալսարանում՝ հոկտեմբերի 3-ից, իսկ Սամցխե Ջավախեթիի պետական համալսարանում՝ սեպտեմբերի 12-ից: