Ապրիլի 22-ին Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան համար 4 հայկական դպրոցում անցկացվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ցերեկույթի ընթացքում մեծ էկրանին անընդհատ ցուցադրվում էին տեսարաններ 1915թ. հայկական կոտորածներից: Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան համար 4 հայկական դպրոցի սաների շուրթերից հնչեցին թեմատիկ բանաստեղծություններ հայ դասականների ստեղծագործություններից, ինչպես նաև երեխաները հանդես եկան պարային ու երաժշտական կատարումներով: Աշակերտներն արտասանեցին հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն», Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթեականը» պոեմներից, Սիամանթոյի ու Չարենցի և այլոց բանաստեղծություններից:
«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարլիցի կարգախոսը հենց այնպես չի ընտրված՝ «Հիշում ենք ու պահանջում»: Մենք անպայման արդարություն ենք հաստատելու, որպեսզի ուրիշ ոչ մի ազգ նման վիշտ չապրի», – իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն Նաթելա Գրիգորյանը:
Հայի ցավն ու բողոքի արդար պահանջն ուղղված է ոչ միայն Թուրքիային, այլ մարդկության անտարբերությանը, այս միտքն արտահայտեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:
«Հայ ազգը պետք է անտարբերության դեմ պայքարի, սրա դեմ է ուղղված մեր կոչը: Ցեղասպանության ճանաչումը միայն հայերի համար չէ, այլ ամբողջ մարդկության: Միևնույն է` ինչքան էլ քիչ, բայց արդարության շողեր երևում է աշխարհում, մեր բողոքները լսելի են Աստծուն, միևնույն է մի հայ էլ, որ մնալու լիներ, արդարության կոչը հնչելու էր»,- ասաց նա:
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Սամցխե-Ջավախքի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Սեդա Մելքումյանը: «Այս երեխաները մեր ապագան են, որն արդեն իսկ ցույց է տալիս, որ մենք թանգարանային նմուշ չդարձանք: Ես հպարտ եմ, որ մեր շարունակությունը այս երեխաներն են: Գուցե արդարությունն ասյօր չի հաղթում, բայց այն հիվանդանում է, սակայն երբեք չի մահանում: Արդարությունը հաղթելու է և մեր 100-ամյա վերքն անպայման սպիանալու է»:
Ջավախքի դպրոցականներն ապրիլյան այս ցրտաշունչ օրերին բազմապիսի միջոցառումների անվերջանալի շարքով՝ հիշում ու պահանջում են:
Աղունիկ Այվազյան